Բաժիններ՝

Վիեննայի պետական օպերան չի չեղարկելու Պլաչիդո Դոմինգոյի համերգները

Վիեննայի պետական օպերան չի չեղարկի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի ելույթները, որի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են առաջադրվել: Այդ մասին հայտնել է օպերայի տնօրեն Դոմինիկ Մեյերը:

Ավստրիայի թատրոնը իրավաբանորեն հիմնավորված պատճառներ չի տեսնում Դոմինգոյի հետ առկա պարտավորագրերը չեղարկելու համար: Նա կկարողանա հանգիստ ելույթ ունենալ 2019 թվականի հոկտեմբերին եւ 2020 թվականի հունիսին Վիեննայում պլանավորված բեմադրություններում: Բացի այդ, Վիեննայի օպերան գնահատում է երգչի գեղարվեստական տաղանդը եւ մարդկային որակները, ընդգծել է տնօրենը:

«Ես ցնցված էի, երբ մեղադրանքների մասին իմացա ԶԼՄ-ներից: Ես չեմ ցանկանում դրանց գնահատական տալ: Ես նաեւ չեմ ցանկանում հապճեպորեն մեղադրել Պլաչիդո Դոմինգոյին: Մենք ապրում ենք իրավական պետությունում, եւ փաստերն ինքնին խոսուն են. նրա դեմ չկա ո՛չ մեղադրական եզրակացություն, ո՛չ ոստիկանական հետաքննություն: Լոս Անջելեսի օպերան, որտեղ նա ղեկավար պաշտոն է զբաղեցնում, ի տարբերություն Վիեննայի օպերայի, ստուգում է սկսել, գործում է անամեղության կանխավարկածը: Մեզ որեւիցե մեղադրանք հայտնի չէ մեր պատասխանատվության ոլորտում»,- հայտարարել է Մեյերը Ավստրիայի Մամուլի գործակալությանը:

Օգոստոս ամսին ութ երգչուհի եւ մեկ պարուհի Associated Press գործակալությանը հայտարարել էին, որ 1980-ական թվականների վերջից տարբեր ժամանակներում ոտնձգությունների են ենթարկվել Դոմինգոյի կողմից: Առաջադրված մեղադրանքների պատճառով Սան-Ֆրանցիսկոյի օպերային թատրոնը չեղարկել է տենորի մասնակցությամբ հոկտեմբերի 6-ին պլանավորված համերգը: Բացի այդ, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախումբը հետ է կանչել համերգին մասնակցելու Դոմինգոյի հրավերը, որ պլանավորված էր սեպտեմբերի 18-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս