Բաժիններ՝

«Դորիան» փոթորիկն աղետալի վնաս է հասցրել Բահամյան կղզիներին, զոհվել է մի երեխա

«Դորիան» փոթորիկը մոլեգնել է Բահամյան կղզիների հյուսիսային մասում: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը: Տարերքի հարվածի կենտրոնում են հայտնվել Մեծ Բահամա եւ Աբակո կղզիները: Ըստ Աբակո կղզու Հոուփ Թաուն քաղաքում փրկարարների կամավորական կենտրոնի հաղորդման՝ կղզիներին աղետալի վնաս է հասցվել:

Քամու սաստիկ պոռթկումները պոկել են բնակելի տների տանիքներ, տապալել ծառեր: Տեղատարափ անձրեւների պատճառով ջրի տակ են անցել ճանապարհներ եւ բնակելի տներ:

Զոհվել Է յոթնամյա մի տղա, նրա քույրը, որի տարիքը չի ճշտվում, անհետ կորել է:

Սեպտեմբերի լույս 2-ի գիշերն ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը Մեծ Բահամայի եւ Աբակոյի բնակիչներին նախազգուշացրել էր, որ փոթորիկը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ եւ սպառնալ նրանց կյանքին: Վերջին տվյալներով՝ փոթորկի քամու պոռթկումների առավելագույն արագությունը հասնում է ժամում 280 կիլոմետրի: Սպասվում է, որ սեպտեմբերի 2-ին օրվա ընթացքում փոթորիկը կմոլեգնի Բահամյան կղզիների հյուսիսային մասում, իսկ այնուհետեւ կշարժվի դեպի Ֆլորիդայի նահանգի ծովեզերքի կողմը

: Ըստ կանխատեսումների՝ «Դորիանն» աննշան կթուլանա, բայց հուժկու կմնա առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Ներկայում փոթորկին տրված է առավելագույն՝ հինգերորդ կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆլորիդայում, Ջորջիայում եւ Հարավային Կարոլինայում հայտարարել են ափամերձ բնակավայրերի զանգվածային տարահանում, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս