Բաժիններ՝

Շուտով կլինի Կ.Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ կառավարության գրավոր կարգադրությունը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության գրավոր կարգադրությունը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Մինչ այդ՝ օգոստոսի 30-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցել են նաև Պոլսո Հայոց պատրարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն։

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Պետրոս Շիրինօղլուն հանդիպել են Էրդողանի հետ և կարճ զրույց ունեցել։ Թուրքիայի նախագահը հարցրել է, թե ինչպես են ընթանում պատրիարքի ընտրության աշխատանքները։ Մաշալյանը և Շիրինօղլուն պատասխանել են, որ սպասում են գրավոր կարգադրության։

Էրդողանը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուից տեղեկություններ է պահանջել այդ առնչությամբ։ Վերջինս հայտնել է, որ մոտ մեկ շաբաթից կառավարության կողմից գրավոր կարգադրությունն արդեն պատրաստ կլինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս