Թորիներին կուսակցությունից վտարում է սպառնում առանց գործարքի Brexit-ին խոչընդոտելու դեպքում
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության պատգամավորները, ովքեր կպաշտպանեն ցանկացած օրինագիծ առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից երկրի դուրս գալու դեմ, կզրկվեն Համայնքների պալատում տվյալ քաղաքական ուժը ներկայացնելու իրավունքից եւ չեն կարողանա նրա անունից մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
Պահպանողականների կարգապահական կոմիտեն հույս ունի այդ կերպ ազդել այն պատգամավորների վրա, որոնք ընդդիմության հետ համերաշխ են առանց գործարքի Brexit-ի սցենարի իրականացում թույլ չտալու հարցում: Այդ նախազգուշացմանը չենթարկված խորհրդարանականներն, ինչպես սպասվում է, կշարունակեն իրենց աշխատանքը Համայնքների պալատում, բայց արդեն անկախ պատգամավորների կարգավիճակով:
Ինչպես հայտարարել է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ստվերային կաբինետի «ֆինանսների նախարար» Ջոն Մակդոնելը, բրիտանացի պատգամավորները սեպտեմբերի 3-ին կներկայացնեն առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ գործարքի Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալ թույլ չտալու պլանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: