Ամազոնիայում հրդեհների թիվն օգոստոսին ռեկորդային է դարձել 2010 թվականից ի վեր
Բռնկումների գրեթե 31 հազար օջախ է անցած ամսին գրանցվել Ամազոնիայի բրազիլական մասում: Դա վերջին ինը տարվա ամենաբարձր ցուցանիշն է եւ գրեթե եռակի ավելի է, քան մեկ տարի առաջ: Այդ մասին հայտնել է Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Inpe):
Ընդամենը տարեսկզբից Ամազոնիայում գրանցվել է 46 հազար 825 հրդեհ: Գերատեսչության վիճակագրության համաձայն՝ օգոստոսին այդ տարածաշրջանում ռեկորդային թվով՝ 63 հազար 764 հրդեհ է դիտվել 2005 թվականին: Այդ ժամանակ էլ ամբողջ երկրում բնական հրդեհների թվաքանակի «ռեկորդ» գրանցվեց հունվար ամսից մինչեւ սեպտեմբեր՝ գրեթե 150 հազար օջախ: Inpe-ի վերջին տվյաների համաձայն՝ հունվար ամսից մինչեւ օգոստոս հրդեհները ոչնչացրել են Ամազոնիայի ավելի քան 1,8 մլն հեկտար անտառներ, որոնք գտնվում են հարավամերիկյան խոշորագույն երկրի տարածքում: Հակահրդեհային գործողութանը մասնակցում են 15 օդանավ եւ ամազոնյան ռազմական օկրուգի 150 միավոր հատուկ տեխնիկա: Երկրորդ զինվորական խմբավորումը հրդեհների դեմ պայքարում է տարածաշրջանի արեւելյան մասում:
Բնական աղետին դիմակայելու գործում երկրի զինվորականներին օգնում են նաեւ տարածաշրջանի հարեւանները. Չիլիի իշխանությունները չորս օդանավ եւ 30 մասնագետների են ուղարկել Բրազիլիա, եւս մեկ ինքնաթիռ ուղարկվել է Էկվադորից: Բացի այդ, հարավամերիկյան հանրապետությունը համաձայնել է ընդունել Իսրայելի օգնությունը, ինչպես նաեւ Լոնդոնի ֆինանսավորումը 10 մլն ֆունտ ստեռլինգի չափով: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ G7-ը մոտավորապես 20 մլն եվրոյի չափով շտապ օգնություն կուղարկի Ամազոնիայում մոլեգնող անտառային հրդեհները մարելու համար: Կանադան նույնպես խոստացել է հատկացնել 15 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: