Շիրակի դատախազի հանձնարարությամբ դադարեցվել է «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ ժամանակավորապես դադարեցվել է «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը:
Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ անմիջապես դեպքին ներգրավվել է քննիչ, ստեղծվել է քննչական խումբ, քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է` անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, ինչի արդյունքում 2 և ավելի անձանց առողջությանը պատճառվել է վնաս:
Կատարված զննությամբ ռեստորանային համալիրում գտնվող բոլոր սեղաններից վերցվել են բոլոր տեսակի սնունդներից նմուշառումներ, որպես մասնագետներ ներգրավվել են Գյումրու սննդի անվտանգության տեսչության և Սանէպիդի մասնագետները:
Նախաքննության փուլում կպահանջեն նրանց կողմից կատարված հետազոտության արդյունքները: Նշանակվել են տարբեր փորձաքննություններ:
Քննիչի կողմից կնիքվել են սառնարանների, խոհանոցների դռների և մուտքի դուռը:
Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո օգոստոսի 31-ին 7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 քաղաքացի (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 30-ին, ժամը 21:32-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող «Դվին» հանդիսությունների սրահում հանդիսականների ինքնազգացողությունը վատացել էր. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ըստ ԱԻՆ տվյալների՝ թունավորման ախտանիշներով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն և ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց են տեղափոխվել 47 քաղաքացի: