Բաժիններ՝

Կառավարությունը մերժեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նախագիծը

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Շաքե Իսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

«Դիտարկելով նախագծով առաջարկվող իրավակարգավորումները՝ գտնում ենք, որ խնդրո առարկա զանցանքների համար նախագծով նախատեսված չափերով տուգանքների սահմանումը չի բխում Օրենսգրքի 10-րդ գլխի ընդհանուր տրամաբանությունից, ինչպես նաեւ խնդրահարույց է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված համաչափության սկզբունքի տեսանկյունից: .Գտնում ենք, որ նախագծով ներկայացված առաջարկությունը հայեցակարգային բնույթ ունի եւ պետության կողմից մոտեցման ընտրությունը պետք է կրի համակարգային բնույթ, ուստի խնդրին ավելի համակարգային լուծում տալու նպատակով առաջարկում ենք օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ»,- ասված է կառավարության որոշման հիմնավորման մեջ:

Ըստ պատգամավորների առաջարկած նախագծի նախատեսվում էր.

«Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության 1985թ. դեկտեմբերի 6-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 26-րդ մասի «տասնհինգապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկի» բառերով:

«26. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով»:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության 1985թ. դեկտեմբերի 6-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 126-րդ հոդվածի 1-ին մասի «հարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկի» բառերով:

«1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, եւ զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով»:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության 1985թ. դեկտեմբերի 6-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 126-րդ հոդվածի 2-րդ մասի «երկուհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկի» բառերով:

«2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս