Քորբինը թագուհու հետ հանդիպում է խնդրել խորհրդարանի աշխատանքի կասեցման կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը նամակ է ուղարկել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն, որում անհամաձայնություն է հայտնել Համայնքների պալատի աշխատանքը կասեցնելու Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշմանը: Այդ մասին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան:
Նա այդ քայլը որակել է «ժողովրդավարության ջախջախում ու բռնատիրում՝ ԵՄ-ից դուրս գալուն հարկադրելու նպատակով»:
The Guardian թերթի տվյալներով՝ բրիտանական ընդդիմութան առաջնորդը գրավոր ուղերձում նաեւ հանդիպում է խնդրել Մեծ Բրիտանիայի միապետի հետ:
Քորբինը խոստացել է, որ լեյբորիստները խորհրդարանի քննարկմանը կներկայացնեն օրենսդրական նախաձեռնություն, որպեսզի խանգարեն Ջոնսոնի պլաններին, իսկ այնուհետեւ «որոշակի պահի» կառավարությանն անվստահության քվե հայտնելու հարց կդնեն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ բրիտանական խորհրդարանն իր աշխատանքը դադարեցնում է մինչեւ հոկտեմբերի 14-ը: «Մենք պետք է շարունակենք իրականացնել ներքին օրակարգը, հենց դրա համար էլ մենք հայտարարում ենք, որ թագուհու գահաճառը կկայանա հոկտեմբերի 14-ին»,- օգոստոսի 28-ին ասել է նա Sky News հեռուստաալիքի եթերում:
Ընդսմին Ջոնսոնը հերքել է այն հայտարարությունը, թե խորհրդարանի նիստերի հետաձգումը կոչված է խանգարել Համայնքների պալատի պատգամավորներին՝ արգելափակելու առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից երկրի դուրս գալը:
Ինչպես գրել է Ջոնսոնը Համայնքների պալատի պատգամավորներին հղած նամակում, խորհրդարանականները հնարավորություն կունենան իրենց կարծիքը հայտնել օրենսդրական օրակարգի վերաբերյալ, որը կառաջարկի կառավարությունը: Համայնքների պալատը կկարողանա քննարկել կառավարության ծրագիրը, այդ թվում՝ նրա մոտեցումը Brexit-ի իրագործմանը ԵՄ-ի՝ հոկտեմբերի 17-18-ի գագաթնաժողովի նախաշեմին, իսկ այնուհետեւ քվեարկել հոկտեմբերի 21-ին եւ 22-ին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի խոսնակ Ջոն Բերքոուն վրդովմունք է հայտնել վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքը Brexit-ի նախաշեմին կասեցնելու որոշման կապակցույթամբ: «Պարզից էլ պարզ է, որ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու նպատակն է՝ խորհրդարանին հնարավորություն չտալ քննարկելու Brexit-ը եւ կատարելու իր պարտքը՝ որոշելով երկրի ուղեգիծը: Խորհրդարանը փակելը կդառնա ժողովրդավարական գործընթացի եւ խորհրդարանականների՝ որպես ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների իրավունքների անարգում»,-ասված է Բերքոուի հայտարարության մեջ:
Վարչապետի որոշման վերաբերյալ կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել ֆինանսների նախկին նախարար Ֆիլիպ Համոնդը: «Դա կոպիտ սահմանադրական խախտում է՝ խորհրդարանին հնարավորություն չտալ կառավարությանը վերահսկել ազգային ճգնաժամի ժամանակ: Խորապես ոչ դեմոկրատական է»,- գրել է Համոնդը Twitter-ում:
Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի կարծիքով՝ «կառավարության այսօրվա հայտարարությունն ամենայն հավանակությամբ կբերի (վարչապետի) վստահության շուրջ քվեարկության»:
Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել խորհրդարանի վերաբերյալ Ջոնսոնի որոշումը: ԵՀ-ի ներկայացուցի Մինա Անդրեեւան հայտարարել է, որ չեն պատրաստվում շահարկել այն թեման, թե Brexit-ի գործընթացի համար ինչ կարող է նշանակել մինչեւ հոկտեմբերի 14-ը խորհրդարանի աշխատանքը կասեցնելու բրիտանական կառավարության մտադրությունը. ԵՄ-ն բաց է գաղափարներ քննարկելու համար, որոնք համատեղելի են դուրս գալու շուրջ ձեռք բերված համաձայնագրի հետ:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից խորհրդարանի աշխատանքի դադարեցումը սեւ օր կդառնա բրիտանական ժողովրդավարության համար: «Ինչպես երեւում է, (Մեծ Բրիտանիայի վարչապետ) Բորիս Ջոնսոնը կդադարեցնի խորհրդարանի աշխատանքը, որպեսզի ուժով անցկացնի առանց համաձայնագրի Brexit-ը: Եթե խորհրդարանի անդամները հաջորդ շաբաթ չմիավորվեն նրան կանգնեցնելու համար, դա պատմության մեջ կմտնի որպես սեւ օր բրիտանական ժողովրդավարության համար»,- գրել էՍթերջենը Twitter-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: