Թուրքիան հետաքրքրված է ռուսական Սու-35 և Սու-57 կործանիչներով
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստան կատարած այցից հետո հայտարարել է, որ Թուրքիան մեծապես հետաքրքրված է ռուսական Սու-35 և Սու-57 կործանիչներով:
Այս մասին հայտնում է թուրքական «Գազեթե դուվար» լրատվամիջոցը:
Շուգաևը հայտնել է, որ Թուրքիան դեռևս հստակ որոշում չի կայացրել, սակայն խորհրդակցություններ են տեղի ունեցել:
«Բանակցությունների մասին վաղ է խոսել, Թուրքիայի կողմից դեռևս դիմում չի եղել»,- նշել է նա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում օգոստոսի 27-ին մասնակցել է ՄԱԿՍ-2019 Միջազգային օդագնացության տոնավաճառի բացման արարողությանը, որի ընթացքում նրան է ներկայացվել ռուսական հինգերորդ սերնդի Սու-57 և չորրորդ սերնդի Սու-35 կործանիչները:
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումից հետո ԱՄՆ-ը հեռացրել էր այս երկրին ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: Ներկայումս Թուրքիան որպես այլընտրանքային տարբերակ է դիտարկում ռուսական Սու-57 կործանիչը: