«Ադրբեջանը փորձում է թխվածքաբլիթի և մտրակի քաղաքականություն բանեցնել Հայաստանի նկատմամբ». Ադրբեջանագետ
Սեպտեմբերի 2-16-ն Ադրբեջանում կանցկացվի «TurAz Qartalı-2019» թուրք-ադրբեջանական համատեղ ռազմաօդային ուժերի ուսումնական վարժանքներ: Ադրբեջանական և թուրքական ռազմաօդային ուժերը համատեղ իրականացնելու են հարձակողական, փրկարարական, հատուկ նշանակության հանձնարարության և հակառակորդի թիկունքում թիրախների խոցման ուսումնական վարժանքներ:
Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ բոլորովին էլ զարմանալի չէ, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները պարբերական բնույթ են կրում, հատկապես՝ վերջին շրջանում դրանք կարճ ընդմիջումներով են իրականացվում։
«Այդ զորավարժությունները փաստացի թուրք-ադրբեջանական ռազմական ուժերը կոորդինացնելու բնույթ են կրում՝ նախապատրաստվելու համար այն գործողություններին, ինչին Ադրբեջանը ձգտում է՝ նոր ագրեսիա սկսելու համար։ Հայաստանի համար այս ամենը պետք է ուղերձ լինի, որ Ադրբեջանը կոնկրետ պատրաստվում է ռազմական գործողությունների, որին աջակցում է նաև Թուրքիան։ Հայաստանի ռազմաքաղաքական էլիտային այս հարցը պետք է շատ անհանգստացնի, որպեսզի հերթական բաց զորավարժությունները հանկարծ չվերածվեն լայնածավալ ռազմական գործողությունների»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի հանդեպ, ինչպես նաև բանակցային գործընթացի մասով չի փոխվել, ընդհակառակը՝ ավելի ագրեսիվ է դարձել, սակայն հայկական կողմի զգոնությունը թուլացնելու և հերթական ագրեսիային նախապատրաստվելու համար, սկսել է իրեն համեմատաբար հանգիստ պահել սահմանում։
«Ադրբեջանը փորձում է թխվածքաբլիթի և մտրակի քաղաքականություն բանեցնել Հայաստանի նկատմամբ՝ ավելի ինտենսիվ չի կրակում սահմաններին, մյուս կողմից էլ՝ փորձում է ազդել՝ ինչպես մեր երկրի դաշնակիցների հարաբերությունների, այնպես էլ՝ Հայաստանում զարգացող ներքաղաքական խնդիրների վրա։ Այնպես որ՝ Ադրբեջանն իր նախկին դիրքորոշումը հստակորեն շարունակում է նաև այսօր՝ աշխատելով մեր երկիրը դնել տնտեսական մեկուսացման և քաղաքական ապակայունացման մեջ։ Այս առումով բավականաչափ անելիքներ կան՝ ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ՝ տնտեսության ոլորտներում»,- շեշտեց Գ. Այվազյանը։
Նա նաև հավելեց, որ հայկական կողմը շատ մեծ աշխատանքներ պետք է իրականացնի՝ Ադրբեջանի կատարած քայլերի հետ բալանսը պահպանելու համար։
Զվարթ Խաչատրյան