
«Ինչի՞ց ես դառնացած՝ որ փոխանակ բանակցային պատմությունը ՀՀ երեք նախագահների շուրթերից լսելուն՝ խոստովանում ես, որ քեզ կարճ լեկցիա է կարդացել Իլհամ Ալի՞ևը». Աշոտյանը՝ Փաշինյանին

«Վարչապետի ելույթը լսեցի և հերթական անգամ խորը հիասթափություն ապրեցի»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին ունեցած ելույթին:
«Ամենասկզբից, երբ Նիկոլը հայտարարեց, որ հեղափոխությունը համաշխարհային մասշտաբի իրադարձություն էր, առաջին անգամ մտքովս անցավ հետևյալը՝ от создателей ««ну погоди»-ն էլ է հայ» և «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է», այս նույն տրամաբանության մեջ իրականության հետ որևէ աղերս չունեց ու զավեշտալի հայտարարություն, որի վրա կառուցվեց և շարունակում է կառուցվել Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինը: Մեր վարչապետն այդպես էլ չհասկացավ, որ իր խոստումը՝ կապիտալիզացնել թավշյա հեղափոխությունը արտաքին քաղաքականության մեջ, նա ի զորու չեղավ կատարել»,- հայտարարեց Աշոտյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի արտաքին քաղաքկաան և ոչ մի ոլորտում իշխանափոխությունը Հայաստանում չբերեց բեկումնային դրական զարգացումների:
«Հաջորդ զավեշտալի հայտարարությունը, որն իրականում շատ ցավալի է, որ հնչում է մի մարդու շուրթերից, որը պատասխանատու է մեր երկրի արտաքին քաղաքականության և անվտանգության համար, հետևյալն էր՝ ժողովրդավարությունը պետք է լինի մեր այցեքարտը արտաքին քաղաքականության մեջ:
Զարհուրելի սիրողական մակարդակի հայտարարություն է, որովհետև քանի՞ հաջողակ երկրի օրինակ գիտեք, որոնք իրենց արտաքին քաղաքականությունը կարողացել են կառուցել ժողովրդավարության դոկտրինի շուրջ: Ես կարող եմ բերել տասնյակ երկրների օրինակներ, որոնք մտածելով, որ դիրաքավորվում են որպես ժողովրդավար պետություններ, կարծել են, թե չեզոքացրել են իրենց պետություններին, ժողովուրդներին սպառնացող վտանգները:
Այդպես էին մտածում, որ ժողովրդավարությունը պետք է լինի իրենց այցեքարտը, օրինակ, Վրաստանի նախկին իշխանությունները՝ Միխայիլ Սաակաշվիլու գլխավորությամբ: Այդպես մտածեց, մտածեց, մտածեց՝ 2008թ. պարտվեց օգոստոսյան պատերազմն ու կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան: Այդպես էին մտածում Ուկրաինայի նախկին իշխանությունները, երբ կարծում էին, որ եվրամայդանից հետո լուծել են իրենց արտաքին քաղաքական խնդիրները, դիրքավորվել են՝ որպես ժողովրդավար պետություն, բայց թե ինչ եղավ հետո, բոլորս լավգիտենք՝Ղրիմ, Դոնեցկ, Լուգանսկ և այլն: Այս շարքը կարելի է շարունակել»,- նկատեց նա՝ ընդգծելով՝ այս թեզը վտանգավոր է, հատկապես, երբ հնչում է վարչապետի շուրթերից:
Անդրադառնալով Արցախի հարցի վերաբերյալ Փաշինյանի արած հայտարարությանը, Աշոտյանը հետևյալն ասաց.
«Մի տեղ հասկանում եմ, որ 1.5 տարի առաջ, երբ Փաշինյանը գալիս էր իշխանության, լավ չէր տիրապետում արցախյան հակամարտության կարգավորման խնդիրներին, նախապատմությանը և այլն, բայց այն արտահայտությունը, որ նա դառնացած է այն ժառանգությամբ, որ ստացել է, պարզապես վկայում է այն մասին, որ նա այս 1.5 տարվա ընթացքում ոչինչ էլ չհասկացավ և չսովորեց: Ինչի՞ց ես դառնացած, պարոն Փաշինյան՝ որ ստացել ես Հայաստանի նորագույն պատմության մեջ Արցախյան հակամարտության ծագման օրվանից մինչ այսօր ամենահաջողված, ամենալավ բանակցված փաթե՞թը: Դրանո՞վ ես դառնացած:
Ինչի՞ց ես դառնացած՝ որ քո ապիկար, ապաշնորհ արտաքին քաղաքականության պատճառով բանակցային օրակարգից դուրս են մղվել Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություննե՞րը: Թե՞ դառնացած ես նրանով, որ նորից ապաշնորհ ու սխալ քաղաքականության պատճառով, որ վարել ես դու, այլևս եռանախագահների հայտարարությունների մեջ այլևս չի շեշտվում կարգավորման երեք հիմնարար սկզբունքների մասին, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի մասին: Դրանո՞վ ես դառնացած, թե՞ դառնացած ես նրանով, որ փոխանակ բանակցային պատմությունը, նախապատմությունը առաջին շուրթերից լսես, հրավիրես Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, իրենցից լսես՝ ոնց է եղել, ինչ է եղել, երբ է եղել, խոստովանում ես, որ բանակցությունների նախապատմության մասին քեզ կարճ լեկցիա է կարդացել Իլհամ Ալիևը: Գուցե դրանո՞վ ես դառնացած»: