Բաժիններ՝

«ԱՄՆ-ը պատրաստ է վարկեր տրամադրել Իրանին, եթե Թեհրանը «փոխի գործելակերպը»». Փոմպեո

ԱՄՆ-ը պատրաստ է ֆինանսական միջոցներ տրամադրել Իրանին, եթե այդ երկրի իշխանությունները փոխեն իրենց գործելակերպը եւ կատարեն Վաշինգտոնի առաջադրած պայմանները: Այդ մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի տեքստն օգոստոսի 27-ին տարածել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Մենք ցանկանում ենք, որ Իրանը նորմալ երկիր լինի: Մենք ցանկանում ենք, որ Իրանի ժողովուրդը հաջողության հասնի իր ղեկավարության գործելակերպը փոխելու հարցում»,- ասել է նա: «Երբ դա արվի, մենք ուրախ կլինենք Իրանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ նրանց տրամադրել ռեսուրսներ ու կապիտալ, որոնք անհրաժեշտ են, որ նրանք հաջողակ երկիր դառնան»,- հայտարարել է Փոմպեոն՝ պատասխանելով այն հարցին, թե Վաշինգտոնը պատրաստ է արդյոք Իրանին հատկացնել կարճաժամկետ վարկեր, որոնք այդ երկրին թույլ կտան հաղթահարել ԱՄՆ-ի պատժամիջոցների տնտեսական հետեւանքները:

Մինչդեռ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախօրյակին հայտարարել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոուհանիի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավոր չէ, քանի դեռ Վաշինգտոնը չի վերադարձել միջուկային գործարքի դրույթների կատարմանը:

«Բիարից ուղեւորության ժամանակ ես ասացի, որ Իրանի նախագահի եւ Թրամփի միջեւ հանդիպումը հնարավոր չէ, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադառնա «5+1» ձեւաչափին (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները + Գերմանիան) եւ չի սկսի կատարել միջուկային գործարքի (դրույթները)»,- Զարիֆի խոսքը մեջբերում է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան:

Նա հավելել է, որ «մինչեւ դա տեղի չունենա, երկկողմ բանակցությունները չեն կայանա»: Նախարարի խոսքով՝ «այն, ինչի մասին այդ կապակցությամբ ասել են ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները, մնում է միայն իրենց գործը»: «Մեր դիրքորոշումը հստակ է՝ ԱՄՆ-ը եւ Թրամփը վիժեցրել են պայմանագիրը, որը դարձել երկրների միջեւ երկարատեւ բանակցությունների արդյունքն էր, ուստի այժմ անհրաժեշտ է կատարել անցյալ պայմանավորվածությունները: Այդ ուղղությամբ մենք ԱՄՆ-ի կողմից ընդունելի գործողություններ չենք տեսնում»,-ընդգծել է Զարիֆը:

Օգոստոսի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Ռոուհանիի եւ Թրամփի հանդիպման անցկացումը: Ֆրանսիայի նախագահի կարծիքով, այդ քայլը «կօգնի կանգնեցնել իրադրության էսկալացումը եւ նպատակներ իրագործել»: Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Ռոուհանիի հետ պատրաստ է հանդիպել համապատասխան պայմանների առկայության դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս