Դատի են տվել Հայկ Մարությանին՝ պահանջելով «ՍանիՏեքի» հետ պայմանագրի պատճենները
«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանին գրավոր հարցում է ուղարկել՝ պահանջելով իրենց տրամադրել «ՍանիՏեքի» հետ կնքած պայմանագրի պատճենը: Քաղաքապետարանը, սակայն, հրաժարվել է պայմանագիրը հրապարակել:
«Քաղաքապետարանից պատասխանել են. քանի որ «ՍանիՏեքի» և Երևանի քաղաքապետարանի միջև կա դատական գործընթաց, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան, մենք նպատակահարմար չենք համարում պատասխանել ձեր հարցմանը: Սա աբսուրդ է: Մեր միջոցներով այնտեղ նստած աշխատավարձ են ստանում, և այս մարդիկ որոշում են՝ նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: Սա չլսված բան է, իրենք պարտավոր էին հղում անել օրենքով սահմանված կետին, նոր դրա հիման վրա մեզ չտրամադրեին պայմանագիրը: Բնականաբար, սա անհետևանք չի մնալու: Մենք դատական հայց ենք պատրաստել ու ուղարկել դատարան: Իրենք կամային պատասխան են տվել: Կներեք, դուք չեք որոշում, թե որ հարցին ինչպես պետք է պատասխանեք, կա օրենք, որին համապատասխան պարտավոր եք պատասխանել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսքն ուղղելով Երևանի քաղաքապետարանին՝ ասաց «Երևանի պաշտպանության ճակատի» համակարգող Բաբկեն Հարությունյանը:
«Պարզ է դառնում մեկ բան՝ մարդն այսքան ժամանակ զբաղեցնելով քաղաքապետի պաշտոնը՝ ոչ միայն չի կարողանում խնդիրները լուծել, այլև չի կարողանում ժամկետներ նշել, թե երբ կլուծվի, օրինակ` աղբահանության հարցը: Աղբահանության համար քաղաքապետարանից տրվող գումարները տարեցտարի ավելանում են, սակայն աղբը չի պակասում: Նախընտրական արշավի ժամանակ անընդհատ ասում էր՝ 6 ամսից մեկ տարվա ընթացքում այդ խնդիրները պետք է լուծենք: Տարին տարվա վրա միլիարդներով ավելանում են աղբահանության համար քաղաքապետարանից տրվող միջոցները, այսինքն՝ միլիարդներով ավելանում են, բայց աղբը քաղաքից չի պակասում: Մի հատ հասկանանք, թե ի՞նչն է պատճառը, ինչի՞ համար են գումարները վատնվում: Չկա վստահություն, որովհետև կան հիմքեր: Դրա համար էլ պայմանագիրն ենք ուզում»,- հավելեց նա:
«Երևանի պաշտպանության ճակատի» համակարգողը հայտնեց նաև, որ 21 հարցից բաղկացած նամակներ են հանձնել քաղաքապետարան, քանի որ ուզում են հասկանալ, թե Հայկ Մարությանի նախընտրական ծրագրով տրված խոստումները որքանով են իրականացվել:
«Ամենատխուրը հին տարիների ոճով գրված պատասխաններն են՝ մենք խնդիրը քննարկում ենք, ուսումնասիրման փուլում են գտնվում, աշխատանքներ են իրականացվում… սա խոսում է այն մասին, որ քաղաքապետարանի կողմից որևէ ռեալ աշխատանք չի իրականացվել: Փոխարենը՝ տեսնում ենք աստղաբաշխական պարգևավճարները, որ անընդհատ իրենք իրենց գրում են, ուրախանում և անձնական հարցերն են լուծում:
Առաջին հարցումս վերաբերում էր քաղաքի զարգացման ռազմավարությանը, որովհետև իրենց ծրագրում նշել էին, որ պետք է լինի ռազմավարություն:
Անցել է գրեթե 11 ամիս, հարց եմ ուղարկել, թե՝ ի՞նչ աշխատանք եք իրականացրել: Իրենք տվել են այն պատասխանը, ինչ գրված էր քաղաքի զարգացման ծրագրում, որ, այո, 2019-23թթ. մեր ծրագրում կան ռազմավարության մշակման աշխատանքներ, հիմա քննարկումներ են տեղի ունենում:
Մարությանի բոցաշունչ ելույթից ոգևորված՝ ուզեցի հասկանալ, թե ի՞նչ է անելու «Գործարանային» մետրոյի շրջակայքում՝ խոստացած շենք-շինությունների, բիզնես կենտրոնների մասով: Պատասխանեցին, որ ծրագրի հեռանկարը գտնվում է ուսումնասիրման փուլում, քննարկվում են մասնավոր և համայնքային միջոցների հնարավոր կիրառման տարբերակները: Այսինքն, մարդը գալիս խոստանում է, որ խնդիրը լուծելու է, հիմա այստեղ գրում է՝ հեռանկար, ծրագրի քննարկում..անհասկանալի բան է:
Մամուլում էլ նշվեց մանկապարտեզների՝ տարիներ շարունակ մասնավորեցման, վարձակալության խնդիրը, քաղաքապետն էլ իր նախընտրական խոստման համաձայն՝ ասում էր,որ ուսումնասիրելու են, փորձելու են տարածքները հետ վերադարձնել:
Աղբի վերամշակման գործարանի հետ կապված՝ ասվում էր, որ ուսումնասիրում ենք մասանվոր ընկերությունների առաջարկները.որևէ քայլ չի իրականացվել:
Քաղաքի ցուցանակների հետ կապված Հայկ Մարությանն ասում էր, որ բոլոր տեղերում պետք է լինեն միանման ցուցանակներ, տուրիստները գալիս են, շփոթվում են… դիմել ենք՝ հասկանալու, թե քանի՞ ցուցանակ է մինչ օրս տեղադրվել կամ փոխվել: Ցավոք, ստացել ենք հերթական շաբլոն պատասխանը՝ իրականացվում են փողոցների, շենքերի անվանումների նոր ձևաչափի մշակման աշխատանքներ, որոնց ավարտից հետո նոր կհայտարարվի մրցույթ ու կիրականացվեն աշխատանքներ: Այսինքն՝ 11 ամիս այս մարդիկ չեն կարողանում որոշել, թե ցուցանակի ձևը ոնց պետք է լինի:
Քաղաքապետը խոստացել էր նաև 500.000 ծառ տնկել քաղաքում և հարակից տարածքներում: Հարցման մեջ նշել էինք, թե հարակից տարածքը ո՞ր մարզերին է վերաբերում, թերի պատասխան ենք ստացել, բայց ասում են, որ՝ 10.000 նոր ծառ և թուփ ենք տնկել: Հիմա, եթե 1 տարվա ընթացքում դուք 10.000 ծառ և թուփ եք տնկել, մնացած մի քանի տարում ո՞նց եք 500.000-ի հասցնելու:
Տրվել են խոստումներ, որի համար նախատեսվող գումարի չափը, մասշտաբները, իրականացվող աշխատանքների նրբություններն այս մարդիկ ուղղակի լավ չեն պատկերացնում: Պահի տակ լավ խոստումներ են տվել,, ձայն են տարել, ու հիմա տեսնում ենք հետևանքները»,- նշեց Բաբկեն Հարությունյանը:
«Հաշմանդամություն ունեցող անձանց համար շենք-շինությունների և ենթակառուցվածքների մատչելիությունն ապահովելն էլ հաջորդ հարցն էր: Սրա հետ կապված էլ ստացել ենք հետևյալ պատասխանը. 2019թ. 238 օբյեկտների շինթույլտվություններում, որից 32-ը բազմաբնակարանային են, իրենք ստիպել են, որ նախագծում անպայման ներառվի: Այսինքն, իրենք նշում են՝ սրանից հետո, այնինչ խոստացել էր, որ եղած շենք-շինություններում ապահովի: էլի լավ է, որ պայմանը դրել են նոր կառուցվող շենքերի մասով, բայց, կներեք, դուք ուրիշ բան եք խոստացել, պարո՛ն Հայկ Մարության, և պետք է տեր լինեք ձեր խոստմանը:
Երթևեկության բեռնաթափման նպատակով վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցելու մասով էլ կրկին խոսքը գնում է այն մասին, որ քաղաքապետարան է ներկայացվել Շահումյանի, Մյասնիկյանի անվան հրապարակների հարակից տարածքներում որոշակի աշխատանքների վերաբերյալ, ուսումնասիրություններ են իրականացվում՝ հետագայում մասնավոր ներդրողների հետաքրքրությանը ներկայացնելու համար: Խոստացել են լուծել խնդիրը, հիմա պատաախանում են, որ նախագծում են: Այսինքն, այս ուղղությամբ առարկայական որևէ քայլ չի իրականացվել:
Երևանի այգիներում ոռոգման այգիների անցկացման հետ կապված՝ 2018թ. երեք փողոցում և 2019թ. 3 այգում ընդամենն իրականացվել են ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքներ: Բուսական աշխարհը չորանում է, իսկ այս մարդիկ ինչ-որ 3 փողոցում են ոռոգման աշխատանքներ իրականացնում: Սա նույնպես շատ խոսուն թիվ է: Շատրվանների մասով էլ ասում էր՝ Երևանում չպետք է լինեն չգործող շատրվաններ: 2 նոր շատրվան է մինչ օրս վերագործարկվել:
Վերելակների խնդիրը… խոստանում էր վերանորոգել հները, անհրաժեշտության դեպքում՝ փոխել նորերով: Հիմա մենք ունենք հետևյալ պատկերը.2018թ. բյուջեով որևէ վերելակ չի վերանորոգվել, 2019թ. բյուջեով նախատեսված է 120 մլն դրամ՝ 2044 վերելակի վերանորոգման համար: Այսինքն, մեկ վերելակ վերանորոգելու համար միջինը 60.000 դրամ է ստացվում: Ո՞նց են պատրաստվում 60.000 դրամով վերելակ վերանորոգել: 20 վերելակ էլ նախատեսված է, որ փոխելու են: Եթե չեմ սխալվում՝ ներկա պահին 4400 վերելակ կա, եթե տարին 20 վերելակ փոխեն, կարծում եմ՝ 200 տարի մեզ անհրաժեշտ է: Ողբերգությունն այն է, որ մինչև 2050 թվականն այս հարցը չենք հասցնելու լուծել, դրա համար կոչ եմ անում «Իմ քայլը» խմբակցությանը՝ մի փոքր լրջանալ:
Խոստացել էր բարեկարգել քաղաքային պոլիկլինիկաները: Այս հարցի շուրջ բավարար պատասխանել էին: 2018-19թթ. Երևանի բյուջեով 11 անուն 250 նոր բժշկական սարքավորումներ են ձեռք բերել 163.3 միլիոն դրամի չափով: 16 բուժհաստատություններում իրականացվել են տանիքների վերանորոգման աշխատանքներ՝ 131 միլիոն դրամով: Բա ո՞ւր մնացին ներքին հարդարման աշխատանքները: Լավ, գունավոր խոստումներ, բայց զրո կատարված աշխատանք:
Առարկայական աշխատանք չի իրականացրել, խնդիրները շարունակում են մնալ, խորանալ, կարծում եմ՝ լավ կլինի, որ քաղաքապետն իր քայլն անի ու թողնի այդ պաշտոնը»,- եզրափակեց «Երևանի պաշտպանության ճակատի» համակարգողը:
Անի Կարապետյան