Եվրոպաբնակ թուրքերի գրեթե կեսը արձակուրդներին մեկնում է Թուրքիա
Եվրոպայում բնակվող յուրաքանչյուր երկու թուրքից մեկը (կամ գրեթե 47 տոկոսը) անցյալ տարի հանգստի համար նախընտրել է մեկնել Թուրքիա։ Վիճակագրության համաձայն՝ յուրքանչյուր եվրոպացի թուրք իր հանգստի ընթացքում հայրենիքում միջինում ծախսել է 1․175 եվրո։ Այդ ցուցանիշը երկու անգամ գերազանցել է Թուրքիայում հանգստացող գերմանացիների ծախսած գումարները։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ընդհանուր առմամբ 2018թ․ Թուրքիայում իր հանգիստը կազմակերպել է Եվրոպայում հաստատված 2․8 մլն թուրք։ Նրանցից շուրջ 1․9 միլիոնը Գերմանիայում բնակվող թուրքերն են։ Եվրոպաբնակ թուրքերը նախորդ տարի Թուրքիայում անցկացրած արձակուրդի ընթացքում ծախսել են ընդհանուր 3․3 մլրդ եվրո։
Հանգստի համար Եվրոպայից Թուրքիա մեկնող թուրքերն այնտեղ անցկացնում են միջինում 24 օր։ Գերմանացի զբոսաշրջիկները Թուրքիայում միջինում 16 օր են անցկացնում։ Նրանք այդ ընթացքում ծախսում են միջինում 590 եվրո։
Նշենք, որ Եվրամիության անդամ 28 երկրների տարածքում շուրջ 5․7 մլն թուրք է բնակվում։ Նրանցից 2․4 միլիոնը ունի Թուրքիայի քաղաքացիություն։ Թուրքերը Եվրոպայում ամենից մեծ թիվ են կազմում Գերմանիայում (3 մլն 90․000), Հոլանդիայում (478․330) և Ֆրանսիայում (434․540)։