«Այս հրդեհները մոլորակի պատասխանն են մարդկությանը». Կարինե Դանիելյան

Բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով՝ վերջին շրջանում աշխարհի ամենախոշոր անտառներում մոլեգնող հրդեհները մեծ վտանգ են պարունակում և ազդեցություն կունենան կլիմայի փոփոխության  վրա:

168.am-ի հետ զրույցում բնապահպանն ասաց, որ հրդեհների հետևանքով մոլորակը կորցնում է կանաչ տարածքների բավականին կարևոր հատվածներ, ինչը բացասական է ազդում էկոհամակարգերի վրա. «Ռուսաստանում հսկայական տարածքներ այրվեցին, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում: Դա նախ մեծ ազդեցություն կունենա կլիմայի փոփոխության վրա, որովհետև անտառները և կանաչ տարածքներն ամենակարգավորող երևույթն էր այդ համակարգում, ջրային ռեսուրսների կորուստ նույնպես կունենանք՝ այդ անտառները ջրապահպան նշանակություն ունեն, կենսաբազմազանության կորուստ էլ կունենանք, իսկ տեսակների կորուստը միշտ բացասական է ազդում էկոհամակարգերի վրա»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, բնապահպանը նշեց, որ այստեղ նույնպես վտանգը մեծ է.

«Քանի որ Հայաստանում առհասարակ կանաչ տարածքները քիչ են, դրա համար նույնիսկ այս ոչ շատ երևույթներն արդեն նշանակություն ունեն: Այստեղ մարդկային գործոնը բավականին մեծ է, ինքն իրեն այրվել չի կարող: Ինչ-որ անզգույշ մարդու գործունեություն պետք է լինի: Շոգը ստեղծում է պայմաններ, որպեսզի այրվի, բայց ինքն իրեն բռնկվելը քիչ հավանական է: Այդտեղ կամ ապակի պետք է լինի, որը կոնցենտրացնի արևի ճառագայթները, կամ գցված լուցկի, ծխախոտ, կամ այրում են դաշտերը, որ ազատեն խոտից, այրում են թափոնները, կամ գնում են որևէ տեղ հանգստանալու, խորոված են անում ու հետո չեն հանգցնում այդ կրակը կամ լիարժեք չեն հանգցնում: Առհասարակ, այդ մշակույթը մեզ մոտ պետք է զարգանա»:

Անտառներում, ըստ բնապահպանի՝ տեսակներ կան, որոնք չեն վերականգնվում, կամ անտառը վերականգնվում է, բայց տեսակակազմը փոխվում է. «Այն տեսակները որոնք հեշտ են վերականգնվում, վերականգնվում են, բայց տեսակներ կան, որոնք հեշտ չեն վերականգնվում: Ակնհայտ տեսակակազմը փոխվում է, և փոխվում է դեպի վատը՝ այն առումով, որ էկոհամակարգի համար ավելի մեծ նշանակություն ունեցող հազվագյուտ տեսակները սովորաբար դժվար են վերականգնվում կամ չեն վերականգնվում: Իսկ եթե կլիմայի փոփոխությունն այսպես գնա և չորային լինի, ապա վերականգնման գործընթացը նաև խիստ կդժվարանա, անձրևներ են պետք վերականգնելու համար: Իմ համոզմամբ՝ մոլորակը մարդկանցից խռովել է և դուրս է անում նրանց, ու այս հրդեհները նաև մոլորակի պատասխանն են մարդկությանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս