«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են, թե ինչպես է Բարտոմեուն բանակցում Նեյմարի հետ
«Բարսելոնայի» առաջատար խաղացողները դժգոհ են այն բանից, թե ինչպես է ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն աշխատում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու ուղղությամբ:
Ըստ աղբյուրի, 27-ամյա բրազիլացին մշտական կապի մեջ է «Բարսելոնայի» նախկին գործընկերների հետ և նրանց տեղեկացրել է, որ կատալոնական ակումբի առավելագույն առաջարկը ՊՍԺ-ին կազմում էր ընդամենը 140 միլիոն եվրո, իսկ փարիզցիները պահանջում են 250 միլիոն դոլար Նեյմարի համար:
Կատալոնական ակումբի հանդերձարանի առաջատարները 140 միլիոն առաջարկը համարում են «ծիծաղելի» և հիասթափված են այն փաստից, որ Բարտոմեուն չի կատարել իր խոստումը և չի անում հնարավոր ամեն ինչ՝ Նեյմարին վերադարձնելու համար:
Ավելի վաղ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին զանգահարել էր ՊՍԺ-ի խաղացող Նեյմարին՝ քննարկելու բրազիլացու ապագան:
Ըստ աղբյուրի, Մեսսին չի ցանկանում տեսնել իր նախկին թիմակցին և լավ ընկերոջը «Ռեալի» կազմում: Արգենտինացին փորձել է համոզել Նեյմարին մերժել «Ռեալի» առաջարկը և վերադառնալ կատալոնական ակումբ:
Հայտնի է, որ Նեյմարը և Մեսսին մտերիմ ընկերներ են: Բրազիլացին միշտ շեշտել է, որ շատ է մեծացել որպես խաղացող՝ խաղալով «Բարսելոնայի» ներկայիս ավագի կողքին: Մեսսին բազմիցս ասել է, որ կցանկանար, որ Նեյմարը վերադառնա Կատալոնիա:
Նախօրեին տեղեկություն հայտնվեց, որ «Ռեալի» ներկայացուցիչները գտնվում են Փարիզում և ՊՍԺ-ի պաշտոնյաների հետ արդեն բանակցում են Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ:
Սիրարփի Աղաբաբյան