«Աֆերիստ» մականունով անձի կասկածելի ցուցմունքը Օգանովսկու դեմ. ինչի՞ դիմաց կալանքից ազատվեց Սամվել Բաբայանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի հեճուկս այն տեղեկությունների, թե Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կալանավորելու քաղաքական որոշում է կայացվել, եւ երկուշաբթի նրան «կվերցնեն», երեկ նա չձերբակալվեց։
Բանն այն է, որ Օգանովսկու դեմ կա ընդամենը մեկ ցուցմունք, որը հակասում է մնացած բոլորին, եւ այն խիստ կասկածելի է ու ոչ արժանահավատ։
Հիշեցնենք, որ BBC-ի գործակալությունը հոդված էր հրապարակել, թե իր տնօրինության տակ է հայտնվել Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրությունը, եւ նախաքննության վարկածով Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է բերել Երեւան, որոնք 2008 թ․ մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել են նախագահական նստավայրի նկուղում, եւ այդ խումբն է ցուցարարների ուղղությամբ կրակել։
Իրականում ՀՔԾ-ն դեռեւս անցած տարվանից է պարզում, թե ով եւ ինչպես է Արցախից զորք բերել Հայաստան, եւ վկաների հավաքագրման աշխատանք է տանում։ 2018-ի ամռանն էլ գտնվել է փնտրված վկան՝ Ասկերանի բնակիչ, Արցախի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, որը զինվորական չի եղել, մարտի 1-ի իրադարձություններին Երեւանում չի եղել, բայց ցուցմունք է տվել իր «լսածի» մասին:
Նա Սամվել Բաբայանի համախոհներից է, մականունը` «Աֆերիստ», թեեւ երեկ Բաբայանը հերքեց իր առնչությունն այդ անձնավորության հետ։
Օգանովսկու դեմ ցուցմունքում նա ասել է, որ Երեւանում չի եղել, գտնվել է Արցախում, բայց լսել է, թե ովքեր են մասնակցել այդ իրադարձություններին։ Իր ընկերոջ որդին եւս, ով ծառայելիս է եղել ՊԲ-ում՝ որպես պայմանագրային զինծառայող, բերվել է Երեւան, եւ նրանց ղեկավարել է Օգանովսկին։
Ի դեպ, Արցախում համոզված են, որ Սամվել Բաբայանին ՀՀ իշխանությունները կալանքից ազատել են այս գործարքի արդյունքում՝ հունիսին ազատ է արձակվել Բաբայանը, իսկ հուլիսի սկզբներին նշված վկան ցուցմունք է տվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: