Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկվել 6 անձ
Ամուլսարի պահպանության հարցով շահագրգիռ քաղաքացիների և ոստիկանության միջև Ազգային ժողովի դիմաց քաշքշուկ է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկության` ոստիկանությունը բերման է ենթարկել Ամուլսարի շահագործման դեմ պայքարող 6 ակտիվիստի, ովքեր փորձել են փակել Բաղրամյան պողոտան։
Բերման ենթարկվածների թվում է նաև ակտիվիստ Անի Խաչատրյանը, որը լքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։
ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը, սակայն, 168.am-ի զրույցում նշեց, որ ակտիվիստները բերման ենթարկվածներ չեն.
«Բերման ենթարկվածներ չեն, եկեք ճիշտ արտահայտվենք. Բաղրամյան պողոտայից 6 անձ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կկազմվի»:
Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում էր հրավիրել Ամուլսարի հանքի շահագործման հարցով: Քննարկմսն արդյունքներից դժգոհ բնապահպանները հայտարարեցին ԱԺ այգում հանրային քննարկում կազմակերպելու մասին:
Զարուհի Դիլանյան