«Այսօր առավոտյան ինֆորմացիա ստացա, որ ուզում են «city tax»՝ նոր հարկատեսակ մտցնել». Միքայել Մանրիկյան

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ Երևանի շատ վարչական շրջաններում այգիները չորանում են՝ չնայած այն բանին, որ քաղաքային իշխանությունները հայտարարում են «կանաչապատման հարցը լուծելու մասին»։

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ մի քանի օր առաջ եղել են Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ, ըստ նրա՝ այգիները չորացել են ամբողջությամբ.

«Ինձ մոտ այսպիսի մի հարց է առաջանում՝ որտե՞ղ է ոռոգման համակարգը, չեմ կարծում, որ քաղաքային նախկին իշխանություններն այդ ոռոգման համակարգի խողովակները կտրել, իրենց հետ տուն են տարել։ Վերջիվերջո, այդ համակարգը կար, գործում էր, ու այդ ծառերը ջրվում էին։ Հիմա ի՞նչն է խնդիրը, որ ամբողջ քաղաքի կանաչապատ գոտիներն ուղղակի չորացել են, երաշտային չորացած արտի է վերածվել մի ամբողջ քաղաք»:

Նույն խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն էլ անդրադարձավ վերելակների խնդրին.

Կարդացեք նաև

«Վերելակների բյուջեն կրճատեցին 77 մլն դրամով, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ մենք այս 30 մլն դրամով կկատարենք այն նույն աշխատանքը, ինչ նախկին իշխանությունները կատարում էին 108 մլն դրամով: Ընդդիմության բազմաթիվ կոչերից հետո վերադարձվեց նախկին գումարին և մի փոքր էլ ավելացվեց:

Պարոն Հայկ Սարգսյան, եթե դուք նշում եք, որ 30 միլիոնով կկատարեք այն նույն աշխատանքը, ինչ նախկին իշխանությունները կատարել են 108 մլն դրամով, ապա դուք պետք է ունենաք փաստեր և այնտեղ տեսած լինեք չարաշահումներ, կոռուպցիոն ռիսկեր: Այդ դեպքում ինչո՞ւ չեք դիմում դատախազություն, ոստիկանություն: Եթե չեք դիմում դատախազություն, ոստիկանություն, կարող եմ հայտարարել, որ ձեր ելույթները պոպուլիզմ են»:

Նա նշեց, որ խնդիրները բազում են, և հորդորեց քաղաքային իշխանություններին դուրս գալ իրենց հարմարավետ սենյակներից և զբոսնել ոչ միայն Երևան քաղաքի կենտրոնում, այլև մյուս վարչական շրջաններում.

«Այսօր առավոտյան ինֆորմացիա ստացա, որ ուզում են «city tax»՝ նոր հարկատեսակ մտցնել. դա հաստատ չէ, կփորձենք ճշտել այդ ինֆորմացիան: Էլի մեր քաղաքային իշխանությունները չհասկացան, որ հարկերն ու տուրքերը բարձրացնելով չէ, որ դու պետք է բյուջե լցնես, այլ պետք է պայմաններ ստեղծես, որ ներդրողներ գան: Ավագանու անդամներից մեկի ֆեյսբուքյան էջում եմ դա տեսել, կփորձենք ճշտել, թե այդ ինչ նոր հարկատեսակ են ուզում 2020թ. սահմանել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս