ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Քաշմիրին նվիրված նիստ կանցկացնի այսօր
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նախկին նահանգին նվիրված նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ի ԱԽ-ի մի աղբյուր:
«Նախագահը որոշում է ընդունել նիստն անցկացնել ուրբաթ առավոտյան (Երեւանի ժամանակով 18:00-ին) փակ կոնսուլտացիաների ձեւաչափով»,- ասել է նա:
Ավելի վաղ համապատասխան հանդիպում էր պահանջել Չինաստանի մշտական ներկացուցչությունը: Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել է Սահմանադրության 370 հոդվածը չեղարկելու որոշման մասին, որը հատուկ կարգավիճակով է օժտում Ջամուի եւ Քաշմիրի նահանգը:
Կառավարության առաջարկության համաձայն, Ջամուն եւ Քաշմիրը կորցնում է նահանգի կարգավիճակը եւ դառնում միութենական տարածք (ավելի քիչ իրավունքներ ունի, քան նահանգը), նրանից անջատվում է Լադաքհ պատմական մարզը, որը նույնպես դառնում է միութենական տարածք: Նաեւ այլ փոփոխություններ են սպասվում Քաշմիրի կարգավիճակի եւ կառավարման ոլորտում:
Ընդսմին Ջամուն եւ Քաշմիրը կպահպանի իր օրենսդիր մարմինը: Հնդկաստանի Սահմանադրությամբ Ջամուն եւ Քաշմիրը հատուկ ինքնավարություն ուներ, այս նահանգում բոլոր օրենքները, որոնք ընդունվել են կենտրոնական կառավարության կողմից (բացառությամբ պաշտպանության, արտաքին կապերի եւ մի քանի այլ բնագավառների վերաբերողների), պետք է արժանանային տեղական ասամբլեայի հավանությանը: Հնդկաստանի մյուս շրջանների բնակիչներն իրավունք չունեին հող գնել Քաշմիրում: Նահանգն ունի իր սեփական դրոշը, որը կարգավիճակով հավասար է պետականին եւ այլն:
Ջամուում եւ Քաշմիրում՝ Հնդկաստանի միակ նահանգում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները, ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս նրա անկախության կամ Պակիստանին միանալու օգտին:
Ընդսմին Քաշմիրում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ չկա պաշտոնական սահման. երկու պետությունների բանակներին բաժանում է հսկիչ գիծը: Նյու Դելին Պակիստանի իշխանություններին մեղադրում Է զինված անջատականներին աջակցելու մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: