Հունաստանի Եվբեա կղզում 7 ինքնաթիռ և 9 ուղղաթիռ են մարում անտառային հրդեհը. Skai
Յոթ հրշեջ ինքնաթիռներ եւ ինը ուղղաթիռներ, ինչպես նաեւ շուրջ 300 հրշեջներ, զինվորականներ եւ կամավորներ են մարում սաստիկ հրդեհը, որն օգոստոսի 13-ից շարունակվում է Հունաստանի Եվբեա կղզու սոճու անտառում՝ լեռների լանջերին: Օգոստոսի 14-ին այդ մասին հայտնել է Հունաստանի Skai հեռուստաալիքը:
Օգոստոսի 14-ին ավելի ուշ գործողությանը կմիանան երկու հրշեջ ինքնաթիռներ, որոնք Հունաստանի խնդրանքով տրամադրել է Իտալիան, եւս երկուսն, ինչպես սպասվում է, կուղարկի Իսպանիան, որը նույնպես արձագանքել է Եվրոպայի քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին դիմած Հունաստանին, որը խնդրել Է օգնել հրդեհաշիջմանն Եվբեայում: Եվբեա կղզում սոճու անտառը շարունակում է այրվել մեծ տարածության վրա:
Օգոստոսի 13-ին կրակի ճակատը ձգվում էր 11,5 կիլոմետր, իսկ բոցի սյունը բարձրացել էր մինչեւ 30-40 մետր: Իշխանությունները նախազգուշական նպատակներով տարահանել են չորս ավան (Մակրիմալլի, Կոնտոդեսպոտի, Ստավրոս եւ Պլատանիա), որոնց բնակիչներն ուղարկվել են այլ բնակավայրեր: Թեթեւ վերքեր է ստացել կամավորներից մեկը, որը մասնակցում Էր հրդեհի մարմանը Մակրիմալլի ավանի մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: