Բաժիններ՝

«Ինձ համար ցավալի է լսել, որ ես ինչ-որ մեկին դառնացրել եմ կամ ստիպել իրեն անհարմար զգալ». Պլաչիդո Դոմինգո

ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնը չեղարկել է հոկտեմբերի 6-ին պլանավորված համերգը իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոյի մասնակցությամբ, որին սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են առաջադրվել: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է օպերայի կայքում:

«Համերգի չեղարկման որոշումը կայացվել է սեռական ոտնձգությունների կապակցությամբ բազմաթիվ մեղադրանքների վերաբերյալ վերջերս արված հաղորդումներից հետո, որոնք ներկայացվել են Դոմինգոյին: Թեեւ նշված միջադեպերը տեղի են ունեցել ոչ Սան Ֆրանցիսկոյի օպերայի շենքում, ընկերությունը չի կարող այդ արտիստին ներկայացնել Ռազմական հուշահամալիրային օպերային թատրոնի բեմին»,- նշվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախումբը հետ Է կանչել համերգի մասնակցելու Դոմինգոյին արված հրավերը, որը ծրագրված է սեպտեմբերի 18-ին:

Ինչպես հայտնել է «Ասոշիեյթեդ պրես»-ը, մի խումբ կանայք իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Գործակալության տվյալներով՝ Դոմինգոն փորձել է կանանց ստիպել իր հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել որոշ դերեր ստանալու խոստման դիմաց եւ «նրանց մասնագիտորեն պատժել Է, երբ իրեն մերժել են»:

Ութ երգչուհիներ եւ մի պարուհի գործակալությանը հայտնել են, որ իրենք 80-ական թվականներից Դոմինգոյի կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել տարբեր ժամանակներում: Ութ կանայք ցանկացել են, որ իրենց անունը չնշվի, զգուշությունը բացատրելով այն բանով, որ իրենք դեռեւս աշխատում են այդ ոլորտում կամ անհանգստանում են հասարակայնության բացասական արձագանքից: Երգչուհի Պատրիսիա Վուլֆը թույլ է տվել բացահայտել իր անունը: Եվս «կես դյուժին» կանայք հայտարարել են, որ երգիչն «անպարկեշտ առաջարկություններ» արել, որոնք ստիպել են անհարմար զգալ իրենց:

«Ասոշիեյթեդ պրես»-ը հարցազրույց է անցկացրել գրեթե 30 երգիչների, պարողների, երաժիշտների եւ թատրոնի այլ աշխատակիցների հետ, որոնք հայտարարել են, թե Դոմինգոյի կողմից նկատել են սեռական բնույթի անպարկեշտ գործողություններ:
Գործակալության տվյալներով՝ Դոմինգոն մերժում է բոլոր մեղադրանքները:

«Անունները չնշված անձանցից հնչած այդ մեղադրանքները, որոնք արմատներով գնում են 30 տարվա վաղեմության իրադարձություններ, խորը անհանգստություն են առաջացնում եւ ճիշտ չեն այն ձեւով, որով ներկայացված են»,- հայտարարել է նա:

«Ինձ համար ցավալի է լսել, որ ես ինչ-որ մեկին դառնացրել եմ կամ ստիպել իրեն անհարմար զգալ՝ անկախ այն բանից, թե որքան վաղուց է դա եղել, չնայած իմ ամենալավ մտադրություններին: Ես համոզված եմ, որ իմ բոլոր փոխգործակցությունները եւ հարաբերությունները միշտ ողջունվել են եւ եղել են փոխադարձ համաձայնությամբ: Նրանք, ովքեր ինձ ճանաչում են եւ աշխատել են ինձ հետ, գիտեն, որ ես այն մարդը չեմ, որը դիտավորյալ որեւէ մեկին վնաս կպատճառի, որեւէ մեկին կվիրավորի կամ կշփոթեցնի»,-նշել է երգիչը:

Դոմինգո Պլաչիդոն աշխարհում առավել հայտնի տենորներից մեկն է: Նա օպերային բեմում ելույթ է ունենում 50 տարի: Այդ ժամանակաշրջանում Դոմինգոն կատարել է ավելի քան 140 առաջատար օպերային դերերգ: Երգիչը «Գրեմմի» 14 մրցանակի դափնեկիր է, այդ թվում՝ Ջուզեպե Վերդիի «Աիդա» եւ «Տրավիատա», Ժորժ Բիզեի «Կարմեն» եւ Ռիխարդ Վագների «Լոենգրին» բեմադրությունների ձայնագրության համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս