Արցախում աշխատանք փնտրող անձանց քանակն աճել է 6.4 %-ով
Ընթացիկ տարվա հուլիսի 1-ին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ աշխատանք փնտրող անձանց քանակը աճել է 6.4, գրանցված գործազուրկների քանակը՝ 5.3 %-ով:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
Նրա խոսքով՝ հաշվառված աշխատանք փնտրողների շուրջ 80 %-ը կանայք են:Դրանց 2.1 %-ը զբաղվածներ են, 3 %-ը՝ տարիքային կենսաթոշակառու, յուրաքանչյուր չորրորդ գրանցված գործազուրկն ունի բարձրագույն կրթություն, պաշտոնապես գրանցված գործազուրկների 65 %-ից ավելին 3 տարուց ավել է, ինչ աշխատանք է փնտրում:
2019թ. հունվար-հունիսին տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 168.6 հազ.դրամ և նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատությամբ աճել է 6.9%-ով: Ընդ որում՝ պետական հատվածում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 160.6 հազ.դրամ, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ աճել է 1.6 %-ով, իսկ ոչ պետական հատվածում՝ համապատասխանաբար 184.3 հազ.դրամ` աճելով 17.4 %-ով:
«Ինչպես և նախորդ ժամանակաշրջաններում աշխատավարձի մակարդակը բարձր է օտարերկրյա կապիտալով կազմակերպություններում, որպես տնտեսական գործունեության ոլորտներ առանձնանում են հանքագործությունը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, շինարարությունը, բարձր է նաև պետական կառավարման և պաշտպանության ոլորտում, սոցիալական ոլորտում այն կազմել է միջին ցուցանիշի 64 %-ը»,- մասնավորապես ասել է Մ. Մինասյանը:
ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահը նշել է, որ սահմանված նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը միջին ամսական անվանական աշխատավարձի նկատմամբ կազմել է 32.6%, իսկ նվազագույն սպառողական բյուջեի նկատմամբ` 90.2%, միջին ամսական անվանական աշխատավարձի հարաբերակցությունը նվազագույն սպառողական բյուջեի նկատմամբ կազմել է 276.4 %:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական գրանցում է ստացել 714 սուբյեկտ՝ նախորդ տարվա 562-ի փոխարեն, ինչպես և նախորդ տարիներին բարձր է գրանցված անհատ ձեռնարկատերերի տեսակարար կշիռը: Պետական ռեգիստրում գրանցված փոփոխությունների թիվն ևս աճել է՝ կազմելով 344՝ 264-ի փոխարեն: