Բաժիններ՝

ԵՊԲՀ-ն ռազմաբժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ռազմաբժշկական կադրեր կպատրաստի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության բանակի համար: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել ղազախ 4 կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ:

ԵՊԲՀ-ն՝ դեպի միջազգայնացում գաղափարը, իր բազմաթիվ միջպետական համագործակցության ծրագրերի արդյունքում դարձնում է առարկայական: Ռազմաբժշկական ֆակուլտետը՝ որպես ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն, նախատեսում է ընդունել կուրսանտներ նաև Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից:

Հայաստան ժամանած կուրսանտներին Բժշկական համալսարանը կապահովի կեցավայրով, իսկ սննդի հետ կապված հարցերը կլուծվեն ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:

Նշենք, որ Ռազմաբժշկական ֆակուլտետ 2019-2020 ուսումնական տարում ընդունվել է 18 կուրսանտ, և 34-ը՝ «Պատիվ ունեմ» ծրագրով: Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված 18 կուրսանտներն այժմ ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում անցնում են երիտասարդ մարտիկի պատրաստության պարապմունքները և օգոստոսի 26-ին զինվորական երդում կտան ԵՊԲՀ-ում:

Իր 25-ամյա գործունեությամբ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետն այսօր հասել է այն մակարդակի, որ արտահանում է բժշկական կրթությունը և շարունակում է ռազմաբժշկական կրթության կենտրոն մնալ ԱՊՀ երկների համար:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարում, Հայաստանի և Ղազախստանի ռազմաբժշկական կրթության համագործակցությունը շրջանակում, Ալմատայի և Աստանայի ռազմաբժշկական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքների պետերն մեկ ամիս վերապատրաստվել են ԵՊԲՀ հիվանդանոցներում և ՊՆ զինվորական հոսպիտալներում:

ԵՊԲՀ-ն, կարևորելով ռազմաբժշկական կրթության զարգացումը, շարունակում է համագործակցությունն ԱՊՀ երկների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս