«Այսպես մենք չենք լուծում մեր առջև դրված խնդիրները և այս ձևը դեռ մեզ կվերադառնա, հավատացեք…»
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից օրերս հրապարակված օրենսդրական փաթեթին: Նա մասնավորապես գրում է. «Անվիճելի է, որ ներկա ՍԴ անդամների մեծ մասը չունի այն հեղինակությունը, որը պետք է այդ բարձր պաշտոնը զբաղեցնելու համար, այդ մարդիկ թիվ մեկ պատասխանատուններն են դատական համակարգի ներկա տխուր վիճակի համար, այդ մարդիկ թիվ մեկ պատասխանատուներն են ՀՀ-ում ընտրական համակարգի նկատմամբ խորը անվստահության համար, այդ մարդիկ իրենց մասնագիտական ողջ գործունեության ընթացքում որևէ բանով չեն ապացուցել, որ իրենք արժանի են այդ բարձր պաշտոնը զբաղեցնելու համար, որ նրանք ունակ են հակադրվելու գործադիր և օրենսդիր մարմիններին, եթե նման անհրաժեշտություն ծագի, ի վերջո այդ մարդիկ ոչնչով չեն տարբերվում սովորական չինովնիկներից, ովքեր օգտագործելով ճիշտ մարդուն դուր գալու իրենց «լավագույն» հմտությունները բազմաթիվ հերթերն են կանգնել, հնազանդության քննություններ են հանձնել, որպեսզի բարձրանան ծառայողական աստիճանով։
Բայց այժմ հարցը հետևյալն է, որքանո՞վ է ճիշտ այս մարդկանց համար օրենսդրական անցք բացել, որպեսզի վերջիններս գնան տուն։ Կարճաժամկետ կտրվածքով այն արդարացված կարող է լինել, քանի որ առանց դատական համակարգի ցնցումների մենք կազատվենք այդ պաշտոնին ոչ համապատասխան անձանցից, բայց երկարաժամկետ կտրվածքով, տղերք, մենք այժմ հիմք ենք դնում մի գործընթացի, որը զրկում է ՀՀ-ին հեռավոր ապագայում անգամ ունենալ իրավական մշակույթ, իրավագիտակցություն, որտեղ հասարակական հարաբերություններում իրավունքը գերակայում է ոչ թե այն պատճառով, որ դրա խախտումը անխուսափելիորեն կառաջացնի պատասխանատվություն, այլ նրա պատճառով, որ հայ անհատի էությունն է այդպիսին, իսկ այսպես մենք կրկին խորացնում ենք խորամանկ հայի տեսակը, ով իր ցանկացածը ստանալու համար մանևրում է, խորացնում ենք այն հայի տեսակը, որի համար իրավունք կոչվածը այն է, որ ինքը պետք է ունենա, խորացնում ենք այն հայի տեսակը, որը բոլոր ժամանակներում վրեժխնդիր է եղել գահից ընկածի նկատմամբ։
Հեշտ չէ իրավունքի իշխանություն ոչ միայն հաստատել այլև այդ փիլիսոփայությամբ կրթել մի ազգի ում համար իրավունքը ընկալվում է, որ պետք է ինքը ունենա, իսկ դրա պահպանումը պայմանավորված է հարկադրանքի անբարենպաստ հետևանքներով, ով մարդկանց դատում է հենվելով բացառապես զգացմունքների և խոսակցություններ վրա և ոչ երբեք փաստերի։ Երբ մենք իրավունքի սերմեր ենք ցանում մի հողում, որին երբևէ ծանոթ չի եղել այդ սերմը, ապա պետք է պատրաստ լինենք, որ դրա պտուղները երևալու են մեկ սերունդ հետո, այժմ ես չեմ տեսնում, որ ցանում ենք այդ իրավունքի սերմերը, դեռ որոմն է ցորենի տեսքով։
Ամփոփելով պետք է ասեմ, որ դատական օրենսգրքի նախագիծը, ըստ որի՝ փորձում ենք ազատվել ՍԴ անդամ-դատավորներից զգացական տիրույթում թեև հագուրդ է տալիս, բայց այսպես մենք չենք լուծում մեր առջև դրված խնդիրները և այս ձևը դեռ մեզ կվերադառնա, հավատացեք…»։
https://www.facebook.com/gevorg.gyozalyan.3/posts/512503926225976