Իրկուտսկի մարզում ավելացել է անտառային հրդեհների տարածքը
Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Իրկուտսկի մարզում 12 անտառային հրդեհ է վերացվել գրեթե 1,89 հազար հեկտար տարածքում, բայց դեռեւս 125 օջախ շարունակում է գործել 774 հազար հեկտար տարածքում:
Այդ մասին հայտնել է տարածաշրջանի կառավարության մամուլի ծառայությունը:
Մեկ օրում հրդեհների թիվը պակասել է 15-ով, բայց հրդեհների ճարակած տարածքն ավելացել է 4 հազար 371 հեկտարով:
Նախօրյակին «Ավիալեսօխրանայի» կայքում հաղորդվել է, որ Ռուսաստանի տարածաշրջանների դժվարամատչելի շրջաններում գործում է 301 անտառային հրդեհ ավելի քան 2,7 միլիոն հեկտար տարածքում: Այդ տարածքներում մարման աշխատանքները դադարեցված են արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման եւ հրդեհային անվանգության ապահովման տարածաշրջանային հանձնաժողովների որոշմամբ:
Ակտիվ մարման աշխատանքներ են կատարվում 283 հազար հեկտար տարածքում: Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Ռուսաստանի Դաշնության 4 սուբյեկտում. Իրկուտսկի մարզի, Սախայի Հանրապետության (Յակուտիայի), Կրասնոյարսկի երկրամասի ամբողջ տարածքում, Բուրյաթիայի Հանրապետության երեք մունիցիպալ շրջաններում: