«Քաղաքապետարանը որևէ մեկին չի պարտադրում աղբաման գնել, դրա կարիքը չկա». Հակոբ Կարապետյան
Քաղաքապետարանը որևէ մեկին չի պարտադրում աղբաման գնել, եւ դրա կարիքը չկա: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն՝ անդրադառնալով Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը գրառմանը: Նա նշել էր, թե իր ունեցած տեղեկություններով քաղաքապետարանը սրճարանատերերին պարտադրում է 4-6-ական աղբաման գնել:
«Քաղաքապետարանը, բնականաբար, որեւէ մեկին չի պարտադրում աղբաման գնել, եւ դրա կարիքը չկա. համայնքը իր կարիքների համար մինչեւ տարեվերջ առնվազն 8000 աղբաման, ինչպես նաեւ աղբահանությունն ու սանմաքրումը կազմակերպելու համար անհրաժեշտ այլ գույք եւ տեխնիկա ձեռք կբերի: Ընդ որում, ձեռք բերված աղբամանների մի մասն արդեն տեղադրված է Դավթաշեն վարչական շրջանում, այն նույն թաղամասում, որտեղ նախկինում կառավարում էին Ռուսլան Բաղդասարյանն ու իր թիմակիցները, եւ որտեղ, ըստ իրավապահների, վերջին տարիներին առանձնապես խոշոր չափերի չարաշահումներ ու յուրացումներ են տեղի ունեցել: Եթե նախաքննության այս տվյալները հաստատվեն (իսկ դրա համար առերեւույթ բոլոր հիմքերը կան), ապա շատ ավելի ակնհայտ կդառնան Բաղդասարյանի՝ պարբերաբար ապատեղեկատվություն տարածելու հակման հիմքերը»,-նշել է Հակոբ Կարապետյանը: