Բաժիններ՝

Սյունիքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են ուժային կառույցների ներկայացուցիչներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Մեղրու տարածաշրջանի անտառային հրդեհի մարման աշխատանքների վերաբերյալ: Նախարարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ Մեղրու տարածաշրջանի անտառային հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են ԱԻՆ, Շրջակա միջավայրի նախարարության Հայանտառ ՊՈԱԿ-ի, Զանգեզուրի կենսոլորտային համալիրի, մասնավորապես Արևիկ ազգային պարկի, Մեղրու ոստիկանության, Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի, մարզային և համայնքային կառույցների աշխատակիցներ և ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ:

Ավելի վաղ նախարարը նշել էր, որ Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի «Արևիկ» ազգային պարկ, այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք։ Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։ Ըստ նախնական վարկածի հրդեհը առաջացել է ճանապարհամերձ տարածքից:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16:50-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում:

Այս պահին հրդեհն ընդգրկում է ընդհանուր երկու կիլոմետր ճակատային լայնություն և մեկուկես կիլոմետր երկարություն, առկա է նաև տարածման վտանգ: Հրդեհը չի սպառնում բնակավայրերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 67 փրկարար, ՊՆ Մեղրու N զորամասից 30 զինվոր, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15 և «Արևիկ ազգային պարկ»-ի 15 աշխատակից: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս