Մոսկվաբնակ գործարարը դիմել է քաղաքապետարան և մերժում է ստացել. եթե գրավոր պատասխանն էլ բացասական լինի, ապա ստիպված կլինի հեռանալ Հայաստանից
Մոսկվաբնակ գործարար Սարգիս Մինասյանը մտադիր է շուրջ 80 միլիոն դրամ նախնական ներդրումով Երևանի Նուբարաշենի աղբանոցում կազմակերպել աղբի ընդունման և տեսակավորման աշխատանքները:
168.am–ի հարցին ի պատասխան նա մասնավորապես նշեց. «Տեսակավորման գործարանն ունի հնարավորություն օրական տեսակավորել 200-400 տոննա աղբ, որը աղբի մնացորդների շուրջ 50 տոկոսն է»:
Ս. Մինասյանը նաև հավելեց, որ տեսակավորված աղբը պլանավորում է նախ արտահանել Ռուսաստան, ապա նաև Հայաստանում հիմնել վերամշակման գործարան: Ըստ նրա՝ թղթի թափոնների վերամշակումից Հայաստանում հնարավոր է ստանալ ձվի տուփեր, պլաստմասսե շշեր, որոնց համար անհրաժեշտ հաստոցները նույնպես ունի:
Իր առաջարկները գործարարը բանավոր ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին և մերժում է ստացել. «Պատճառաբանել են, որ արդեն զբաղվում են Նուբարաշենի աղբավայրի խնդրով: Բայց ծանոթացել եմ աղբավայրին, եթե այդ կարգով են զբաղվում, ուրեմն՝ չգիտեմ»:
Ռուսաստանաբնակ գործարարը սպասում է գրավոր պատասխանի՝ նշելով, որ, եթե դա էլ լինի բացասական, ապա ստիպված է հեռանալ Հայաստանից:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան