Ղրղզստանի խորհրդարանը որոշում չընդունեց արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին
Ղրղզստանի խորհրդարանը որոշում չի ընդունել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալման փորձի հետ կապված իրադրության սրվելու կապակցությամբ երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Այդ մասին հայտնել է հանրապետության օրենսդիր ժողովի մամուլի ծառայությունը:
«Պատգամավորները որոշում ընդունեցին Կոյ-Տաշի իրադրության վերաբերյալ, բայց դրանում բացակայում է արտակարգ դրության ռեժիմի սահմանումը: Պատգամավորները համարել են, որ դա նախագահի առանձնաշնորհն է»,-նշել են մամուլի ծառայությունում:
Խորհրդարանի կայքում հրապարակված որոշման մեջ նախարարների կաբինետի անդամներին հանձնարարված է միջոցներ ձեռնարկել երկրում հասարակական-քաղաքական իրադրության ապակայունացում թույլ չտալու եւ առանձին խմբերի ու քաղաքացիների կողմից անօրինական գործողությունների կասեցման համար, ինչպես նաեւ նյութական, բժշկական օգնություն ցուցաբերել 2019 թվականի օգոստոսի 7-8-ին Ալամուդունի շրջանի Կոյ-Տաշ գյուղի իրադարձությունների հետեւանքով բոլոր տուժածներին եւ «Ալֆա» հատուկ ստորաբաժանման զոհված աշխատակցի ընտանիքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



