Բաժիններ՝

British Airways-ի տասնյակ չվերթեր են չեղարկվել կամ հետաձգվել համակարգչային խափանման պատճառով

Օգոստոսի 7-ի առավոտյան ընդգրկուն խափանում է տեղի ունեցել British Airways ավիաընկերության համակարգչային համակարգում: Այդ մասին հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:

Նրանց տվյալներով՝ անսարքությունների հետեւանքով տասնյակ չվերթեր են չեղարկվել կամ հետաձգվել Եվրոպայում, հիմնականում՝ Լոնդոնի օդանավակայաններում: Ընդհանուր առմամբ խափանումը վերաբերել է մի քանի հազար ուղեւորների: «Հիթրոու» եւ «Գաթվիք» օդանավակայաններում երկար հերթեր են կուտակվել գրանցման կանգնակների մոտ:

Ինչպես հայտնել է BBC կորպորացիան, Լոնդոնի օդանավակայաններում չեղարկվել են British Airways-ի 90-ից ավելի չվերթներ: Կորպորացիայի տեղեկությունների համաձայն, «Հիթրոու» օդանավակայանում չեղարկվել է 81 չվերթ, եւս տասը չվերթ՝ «Գաթվիք»-ում:

Բացի այդ, ավիաընկերության մոտավորապես 200 չվերթ հետաձգվել է: Ավիաընկերությունում ներողություն են խնդրել ստեղծված անհարմարությունների համար եւ ուղեւորներին հորդորել են՝ հնարավորության սահմաններում վերաամրագրել տոմսերը:

«Մեզ մոտ որոշ խնդիրներ են առաջացել այս առավոտյան, դրանք վերաբերել են թերմինալներին եւ գրանցման կանգնակներին, ինչպես նաեւ ինքնաթիռների թռիչքներին»,-հաղորդվում է British Airways-ի պաշտոնական կայքում: «Մի քանի ավիաչվերթներ շարունակում են իրականացվել, բայց մենք մեր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս կայքում ստուգել տեղեկատվությունը նախքան օդանավակայան ժամանելը»,-հավելել են ավիաընկերությունում: ԶԼՄ-ները նշում են, որ սա British Airways-ի համակարգչային համակարգում արդեն երրորդ խոշոր խափանումն Է վերջին երկու տարվա ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս