Սկսվել են անվտանգ գոտու թեմայով թուրք-ամերիկյան բանակցությունները
ԱՄՆ զինվորական պատվիրակության և Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջև Անկարայում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում անվտանգ գոտի ստեղծելու թեման:
Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:
Անկարայում սկսվել են Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը: Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան կողմը առաջարկում է, որ անվտանգ գոտին ունենա 15 կմ լայնություն և 140 կմ երկարություն, մինչդեռ թուրքական կողմը պնդում է, որ այն պետք է ունենա 30-35 կմ լայնություն և մոտ 400 կմ երկարություն: Թուրքիան չի ցանկանում, որպեսզի քուրդ զինյալների համար միջանցք ստեղծվի, ուստի, եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության չգան, ապա Թուրքիայի զինված ուժերը երկու շաբաթվա ընթացքում ռազմական գործողություններ կսկսեն Եփրատ գետի հյուսիսային շրջաններում:
Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը:
Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները: Թուրքական կողմը նախապես պահանջում էր, որ «անվտանգ գոտին» ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն: Սակայն, աստիճանաբար զիջումների գնալով, պահանջում է 30-35 կմ լայնություն և մոտ 400 կմ երկարություն:
ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև անվտանգ գոտու թեմայով բանակցություններ տեղի են ունեցել հուլիսի 23-ին, երբ Թուրքիա էր ժամանել Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին: Այդ ժամանակ ամերիկյան կողմի՝ անվտանգ գոտու 5-14 կմ լայնություն ունենալու առաջարկը մերժվել էր Թուրքիայի կողմից: