Բաժիններ՝

Ոստիկանապետը մարզային վարչությունների և ՃՈ-ի ղեկավարներին ծառայությունն ուժեղացնելու ցուցում է տվել

ՀՀ ոստիկանությունում օգոստոսի 3-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի և մարզային ստորաբաժանումների ղեկավարներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերլուծելով հանրապետության օպերատիվ իրավիճակը, Վալերիյ Օսիպյանը առանձնահատուկ անդրադարձել է մարդու կյանքի, առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին: Մարզային վարչությունների և Ճանապարհային ոստիկանության ղեկավարներին ցուցում է տրվել հատկապես հանգստի գոտիներում, ժամանցի վայրերում, այդ թվում և մայրաքաղաքից մարզեր տանող ավտոճանապարհներին ուժեղացնել ծառայությունը:

Ոստիկանության պետը ընդգծել է, որ իրավախախտների նկատմամբ անհրաժեշտ է լինել խիստ և սկզբունքային: Անդրադառնալով ծառայության արդյունավետության բարձրացման խնդրին` ոստիկանության պետը նշել է, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը: Վալերիյ Օսիպյանը բացահայտումների արդյունավետության բարձրացման համատեքստում խոսել է նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորության, նաև կանխարգելիչ միջոցառումների մասին:

Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ է տվել բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս