«Կոնկրետացում չունեցող հայտարարությունները նեղացնում են սպաներին». Վովա Վարդանովը՝ վարչապետի հայտարարության մասին
«Հաճելի չէ, երբ դու ինչ-որ կառույցում աշխատում ես, և այնտեղ բոլորն անզգուշորեն գող են հայտարարվում։ Սա անզգուշությունից էր, համոզված եմ, որ վարչապետը նկատի չուներ, որ բոլոր սպաները գողեր են։ Անզգույշ հայտարարությունները, որոնք կոնկրետացումներ չունեն, նեղացնում են սպաներին, և սա հասկանալի է, քանի որ մարդիկ 20-23 տարով պայմանագիր են կնքում և իրենց ամբողջ կյանքը դրա վրա են դնում»,- այս մասին նշեց Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե բանակի վրա բարոյահոգեբանական ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ վարչապետի այն հայտարարությունը, որ շատերը բանակը թալանել են սերմացու գողացող մկների նման։
Վովա Վարդանովի խոսքով, եթե օբյեկտիվորեն դատի, ապա գողություն բոլոր բանակներում և միշտ եղել է, պարզապես այն տարբեր դրսևորումներ է ունեցել։
Ըստ նրա, քանի որ Հայաստանը պատերազմող երկիր է, ապա բանակից կատարված գողությունը վաղ թե ուշ զգացնել կտա, այդ պատճառով էլ այդ ամենը պետք է ունենա խիստ պատիժ։
«Լավ կլիներ, որ կոնկրետացում լիներ հայտարարության մեջ, օրինակ՝ գնդապետ Պետրոսյան, և այլն»,- ընդգծեց նա։
Հոգեբան Սամվել Խուդոյանի բնորոշմամբ՝ վարչապետի հայտարարությունը նախազգուշացում էր այն մարդկանց, որոնք բանակից թալանել են, իսկ այն մարդիկ, որոնք բանակից չեն թալանել, այդ հայտարարությունն իրենց անվան հետ չեն կապի։
«Այլ հարց է, որ բառերի ու արտահայտությունների մեջ մի քիչ ավելի զգույշ կարող էր լինել, թեկուզ ասեր՝ ոմանք»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան