ՀՀ դեսպանը հանդիպել է Կիևի մարզային պետական վարչակազմի նորանշանակ ղեկավար Միխայլո Բնո-Այրիյանի հետ
Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հուլիսի 31-ին հանդիպել է Կիևի մարզային պետական վարչակազմի նորանշանակ ղեկավար Միխայլո Բնո-Այրիյանի (Mykhailo Bno-Airiian) հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում դեսպան Սեյրանյանը շնորհավորել է հայազգի նահանգապետին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու պաշտոնում։
Միխայլո Բնո-Այրիյանը ներկայացրել է իր առաքելության առաջնայնությունները և Կիևի մարզում արմատական բարեփոխումների ծրագիրը։ Նահանգապետը մեծապես կարևորել է միջազգային կապերի զարգացումը։ Այս առումով զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ուկրաինական ապակենտրոնացված համագործակցության հեռանկարների և Հայաստանի մարզերից մեկի ու Կիևի մարզի միջև գործընկերային կապեր հաստատելու, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ։
Դեսպանն ուկրաինահայ պաշտոնյային ներկայացրել է Հայաստանում ընթացող խորքային բարեփոխումները։
Տիգրան Սեյրանյանը և Միխայլո Բնո-Այրիյանը քննարկել են նաև մարզում բնակվող և գործունեություն ծավալող հայերի խնդիրները։