Ամառային զորակոչին պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 15 տոկոսով ավելի քաղաքացի
Հայաստանում 2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոսով ավելի քաղաքացի: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանի իր էջում գրառում է կատարել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու, ինչպես նաև այլ աշխատանքների հետ: Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120-ը հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել են տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ: «Ես եմ» ծրագրով զորակոչվել է 89 քաղաքացի: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի: Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում: Շնորհավորում ենք բոլորին և մաղթում բարի ծառայություն»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը: