«Նոր ձևավորվող աշխարհակարգը վերաբերելու է նաև Հարավային Կովկասի երկրներին»․ Լուկիանով

«Նոր աշխարհակարգի ձևավորման ամենահետաքրքիր փուլը հիմա է սկսվում»,- այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով աշխարհակարգի փոփոխությանը։ Նա նշեց, որ արդեն 30 տարի է, ինչ արձանագրվում է նախկին աշխարհակարգի փոփոխությունը։ Ըստ նրա՝ սա մի փուլ է, երբ  նոր աշխարհակարգը դեռ  չի ներդրվել, փորձերն ադապտացնել նախորդ աշխարհակարգը ներկայիս իրողություններին չի աշխատել, և ներկայումս սկսվում է ամենահետաքրքիրը՝ տխրահռչակ  աշխարհակարգի ձևավորումը։

«Եթե այն հնարավոր է, այն կձևավորվի հիմա, երբ հայտնվել են այնպիսի երկրներ,  որոնց ոչ մեկը չէին  համարում, սեփական խաղը չէին խաղում, ամենափայլուն օրինակը ձեր հարևան Թուրքիան է, դա ՆԱՏՕ-ին նվիրված երկիր էր, և ուր հասավ այս 30 տարիների ընթացքում,  օրինակներից է Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսատանը՝ իր բարդ քաղաքականությամբ։  Այս ամենին գումարվում են գերտերությունների հասարակությունները, որոնք կուշտ են գլոբալիզացիայից և ասացին, որ դա իրենց հարկավոր չէ։ Ամենահետաքրքիրը հիմա է սկսվում, գերտերություններից և ամենափոքր երկրներից սկսած՝ ստիպված են լինելու պատասխանելու բազում հարցերի, որոնք այս փուլում են առաջանալու։   Դա վերաբերում է   բոլոր երկրներին՝ առանց բացառության։ Հարավային Կովկասի երկրներին ևս վերաբերում է, ես կողքից եմ հետևում, այստեղ զգացվում է ժողովուրդների խորը համոզմունքը, որ մեծ հաշվով, իհարկե,  բեմում փոխվում են դեկորացիաները, բայց պիեսը նույնն է։ Իսկապես, եթե դիտարկենք մի շարք հանգամանքներ, ապա, այո, կարելի է նման կասկած հայտնել, բայց փաստերով այդպես չէ։ Ներկայումս գլխավորն այն է, որ մի փուլ է գալիս, որը  ֆիքսված և կայուն կոնֆիգուրացիայի  փուլ է, երբ սովորական դարձած քայլերով հնարավոր չի լինելու առաջնորդվել»,- ասաց Լուկիանովը։ Նա նշեց, որ առաջիկայում ՌԴ-ԱՄՆ առճակատման մեղմացման հարցում որևէ առաջընթաց չի ակնկալում, հատկապես, երբ, ամենայն հավանականությամբ, Թրամփը կվերընտրվի  նախագահի պաշտոնում։ Նրա կարծիքով՝ առճակատվող կողմերը փորձելու են խուսափել ամեն տեսակի բախումներից, բայց լարումը դեռ չի նվազելու։ Լուկիանովի վստահեցմամբ՝ ավելորդ են նաև բարձրաստիճան հանդիպումները ՌԴ և ԱՄՆ ղեկավարների, դիվանագետների միջև։ Նրա համոզմամբ՝ դրանք ներկայումս որևէ խնդիր չեն լուծում, թեև ռուսական կողմը հույս ունի, որ իրավիճակն այդ հանդիպումների հետևանքով փոխվում է դեպի դրականը։

Անդրադառնալով նախորդ շաբաթավերջին ՌԴ-ում ծավալված անսպասելի բազմամարդ ցույցերին՝ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ՌԴ ներքին քաղաքականությամբ չի զբաղվում, պարզապես կարծիք կհայտնի, որ Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցածը չպետք է  գերագնահատել՝ դա հեղափոխություն  չէր, նոր ուժերի բունտ չէր։  Բայց բանախոսի կարծիքով՝ թերագնահատել ևս պետք չէ, քանի որ տեղի ունեցածն արտահայտեց, թե որքան էականորեն և իր օրենքներով է փոխվում  հասարակությունը։

«Այն մարդիկ, ովքեր բողոքում էին, ծայրահեղ փոքր փոքրամասնություն էին կազմում, բայց  նրանք ցույց տվեցին միկրոմոդել,  թե ինչպես և ինչ կերպով է երիտասարդությունը ներգրավված գործընթացին, ինչպես են փոխվել քաղաքական զարգացումը խթանողները։ Ինչպես ես եմ հասկանում, այստեղ Հայաստանում  ևս եղավ անսպասելի բռնկում շերտերի, որը սպասելի չէր,  բայց կուտակում կար»,- ասաց Լուկիանովը։ Նրա խոսքով՝ օրերս տեղի ունեցածի համեմատությունը յոթուկես տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած ցույցերի հետ տեղին չէ, քանի որ  այսօր այլ բան  է տեղի ունենում։

Այն ժամանակ, Լուկիանովի փոխանցմամբ, դժգոհության պատճառն այն էր, որ Պուտին-Մեդվեդև փոխատեղումից հասարակությունը տեղյակ չէր, դա հարուցեց արձագանք այն շերտի համար, որը ենթադրում էր, որ հանդիսանում է քաղաքական կյանքում գործոն։ «Ներկայումս քաոսային դժգոհություն կա մարդկանց մոտ, որոնք չգիտեն՝ ինչ են ուզում»,- ասաց Լուկիանովը։

 

Տեսանյութեր

Լրահոս