ՄԹ նորանշանակ պետնախարարին հանդիպած օտարերկրյա պետության առաջին նախագահն Արմեն Սարգսյանն է
Ոչ պաշտոնական այցով Միացյալ Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոֆեր Պինչերին նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև փոխգործակցությունը կխորանա և կամրապնդվի:
Քրիստոֆեր Պինչերն, իր հերթին, ուրախությամբ նշել է, որ նախագահ Սարգսյանն օտարերկրյա պետության առաջին նախագահն է, ում հետ նա առիթ է ունենում հանդիպելու պաշտոնը ստանձնելուց հետո՝ ընդգծելով, որ Հայաստանն արժեքավոր և կարևոր գործընկեր է իր երկրի համար:
Զրուցակիցները ոչ պաշտոնական միջավայրում քննարկել են Հայաստան-ՄԹ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։