«Կալանավայրում Գրիգորյանը զրկված է մի շարք արտոնություններից, ինչն ունեն մյուս կալանավորները». Փաստաբան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ այս նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չէ, նա չի կարողացել ներկայանալ դատարան, դրա հետ կապված՝ «Նաիրի» ԲԿ-ից դատարանին տեղեկանք էր ուղարկվել։
Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Ֆրանսիայից հրավիրված փորձագետը, որը պետք է ստուգեր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, առայժմ Ֆրանսիայում չէ, ուստի նրա գալը Հայաստանը կհետաձգվի։
«Մենք ասում ենք, որ Մանվել Գրիգորյանը տառապում է 30-ից ավելի հիվանդություններով, և արդեն երկրորդ տարին է, այդ հիվանդություններն անընդատ բարդանում են։ Հանձնաժողովը, որը ստեղծվել է առողջական խնդիրների փորձաքննության համար՝ առողջապահության փոխնախարարի գլխավորությամբ, սադիզմ է, քանի որ առանց փորձաքննության նշանակման էլ ակնհայտ էր, որ մեր պաշտպանյալը գտնվում է տարբերակված մոտեցման մեջ։
Բոլոր այն մեղադրյալները, որոնք գտնվել են նման վիճակում, ազատ են արձակվել այլընտրանքային խափանման միջոցներով»,- ասաց փաստաբանը։
Ըստ նրա՝ մինչ իր պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ ընթանում է փորձագիտական քննություն, նրա առողջական վիճակն էլ ավելի է վատանում։
Նա նաև տեղեկացրեց, որ կալանավայրում Մ. Գրիգորյանը զրկված է մի շարք արտոնություններից, ինչն ունեն մյուս կալանավորները։
Նա վստահեցրեց, որ գտնվելով անազատության մեջ՝ Մանվել Գրիգորյանի բուժման արդյունավետությունը չի կարող լինել այն, ինչը կլիներ ազատության պայմաններում։
«Մանվել Գրիգորյանը բուժման պետք է մեկներ 2018 թվականին, սակայն չկարողացավ մեկնել»,- շեշտեց Արսեն Մկրտչյանը։
Զվարթ Խաչատրյան