ԱԻ նախարարը տեսակցել է տուժած փրկարարներին և ստուգել վթարավերականգնողական աշխատանքների ընթացքը
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու Թումանյան կայարանում բեռնատար գնացքի շուրջ ստեղծված իրավիճակին: Դեպքի վայրում նախարարին դիմավորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Նա Ֆելիքս Ցոլակյանին շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարների անձնվեր աշխատանքի շնորհիվ հնարավոր պայթյունից խուսափելու համար և հավաստիացրել է, որ առավելագույն կարճ ժամանակահատվածում կվերացվեն վթարի հետևանքները:
ԱԻ նախարարը հանձնարարել է աշխատակիցներին շարունակել հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել վթարավերականգնողական աշխատանքներին:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին հրդեհաշիջմանն օգնության շտապող մեքենան գլորվել է ձորը և վնասվածքներ են ստացել ԱԻ երկու աշխատակիցներ: Նախարարն այցելեց բուժմիավորում՝ հիվանդներին տեսակցելու: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է մարտական հաշվարկի վարորդ Ահարոն Սահակյանին, ով մանրամասն ներկայացրել կատարվածը:
Տուժած հրշեջ-փրկարար Սիմոն Այվազյանին այդ պահին վիրահատում էին, նախարարը հանդիպել է Սիմոնի հարազատներին և հուսադրել, որ զինվեն լավատեսությամբ և հրշեջ-փրկարարին արժանի հաստատակամությամբ:
Նա տեղեկացրել է, որ խոսել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և ստացել է հավաստիացում, որ հիվանդի վիճակը բավարար է, իսկ անհրաժեշտության դեպքում Սիմոնին ուղղաթիռով կտեղափոխեն Երևան՝ հետագա մասնագիտական բուժման: