«Մանվել Գրիգորյանը չի կարողանում տեղաշարժվել, ոտքերը 70-90 տոկոսով չեն արձագանքում». Փաստաբան
Մանվել Գրիգորյանն այս պահին գտնվում է ծանր առողջական վիճակում։ Նա արդեն չի կարողանում տեղաշարժվել, ոտքերը 70-90 տոկոսով չեն արձագանքում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մ. Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ մոտ օրերս այս մասին բարձրաձայնելու են ներպետական ատյաններում, մասնավորապես, որ նման պայմաններում անթույլատրելի է Մանվել Գրիգորյանին պահել կալանքի տակ։ Եթե ներպետական ատյաններում ընդունեն այնպիսի որոշում, որով Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ, ապա պաշտպանական խումբը բոլոր փաստաթղթերը կուղարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Նա տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է իր բուժումն անցնել «Նաիրի» ԲԿ-ում, դրսից հրավիրել են նաև բժիշկներ, բժիշկները փորձում են թանկարժեք դեղամիջոցներով հնարավորն անել, որպեսզի Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկան չզարգանա։
«Գրիգորյանի գործով ՄԻԵԴ-ն արդեն երկու անգամ անհապաղ միջոցառումների վերաբերյալ որոշում է կայացրել, որն աննախադեպ է ոչ միայն՝ Հայաստանում, այլև՝ միջազգային պրակտիկայում, երբ մի գործով երկու անհապաղ միջոցներ է կիրառում, որպես կանոն, այն ձեռնպահ է մնում անհապաղ միջոցներ կիրառելուց։ Այդ որոշումը կապված էր Մանվել Գրիգորյանին անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հետ։ Այս գործով նաև որոշում կայացրեց, որպեսզի առաջնահերթության կարգով գործը լսի, քանի որ մենք դիմել էինք ՄԻԵԴ ապօրինի կալանքի և խոշտանգման փաստի հետ կապված»,- շեշտեց փաստաբանը։
Նա նաև տեղեկացրեց, որ հաջորդ նիստին՝ հուլիսի 30-ին, կներկայացնեն Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն։
«Վերջին անգամ գրավ կիրառելու հետ կապված միջնորդություն ենք ներկայացրել մոտավորապես 2-3 դատական նիստ առաջ, սակայն դատարանը մերժեց մեր միջնորդությունը և բավարարեց դատախազության միջնորդությունը՝ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին։ Կարծում եմ՝ սա որևէ առնչություն չպետք է ունենա խափանման միջոց կալանավորման հետ, որովհետև նման պայմաններում, առավել ևս, երբ գործը գտնվում է ՄԻԵԴ-ի տիրույթում, պետք է լուրջ գնահատական տալ և հասկանալ, որ սարերի հետևում չէ ՄԻԵԴ-ի հաջորդ որոշումը՝ կապված անձի խոշտանգման հետ»,- ընդգծեց Լևոն Բաղդասարյանը։
Նա նաև փոխանցեց, որ օրենքով սահմանված կարգով Գրիգորյանի հարազատները կարողանում են այցելել նրան։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր հունիսի 6-ին, որից հետո նրան դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց։
Զվարթ Խաչատրյան