«Եթե ուզում է օրինակ վերցնել, թող օրինակ վերցնի հենց Ռոբերտ Քոչարյանից». Քաղաքագետ

Աշխարհն անհանգիստ է, իսկ Հայաստանը ոչնչի պատրաստ չէ: Նման իրավիճակ է արձանագրում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ով 168.am-ի հետ զրույցում նշեց, որ անպատրաստ լինելը բազմաշերտ երևույթ է.

«Սկսենք նրանից, որ հենց բնակչությունը ոչ մի բանի պատրաստ չէ՝ ո՛չ անակնկալ ինչ-որ պատերազմական իրավիճակի, ո՛չ ապահովագրման տեսակետից՝ այն առումով, որ ինքնաբավ երկիր չենք, և մեր բնակչությունը չգիտի, թե առաջին անհրաժեշտության ապրանքների պահեստավորման հարցում ինչ վիճակում ենք գտնվում, քանի որ կարող է առաջանալ մի վիճակ, երբ մատակարարումը դժվար լինի կամ հնարավոր չլինի:

Բնակչությունը միայն լավ ապրել է ուզում՝ չմտածելով, որ աշխարհում գլոբալ մակարդակի փոփոխություններ են,  և հնարավոր է, որ նույնիսկ մի օր իրական շրջափակման մեջ հայտնվենք: Այսպիսի իրավիճակ է, բայց մեր իշխանությունները մեզ ներկայացնում են, որ իբր ամեն ինչ լավ է՝ դուխո՛վ, տղերք, վաղը չէ մյուս օրը աշխարհ ենք գրավում»:

Քաղաքագետն անպատրաստվածության երկրորդ շերտը պայմանավորեց այսօրվա կառավարության անպատրաստ լինելով, ապա ներկայացրեց մի քանի դրվագներ, որոնք, ըստ նրա՝ ապացուցում են դա.

«Մհեր Գրիգորյանը գնում է Թեհրան, երկու պայման է լսում, ընդ որում՝ Իրանի նախագահի կողմից, ոչ թե պատահական մեկից. մարդն ասում է ՝ իրանական բանկային գործունեության սահմանափակումները վերացրեք, և առևտրում, բոլոր կարգի բիզնես հարաբերություններում անցնում ենք ազգային արժույթների, հրաժարվում ենք դոլարից:

Դու հրդեհային կարգով փորձում ես հա՞րց լուծել. 2016 թ. դեկտեմբերից է Իրանն այդ պայմանները դրել Հայաստանի առջև, դեռ Սերժ Սարգսյանը չի կատարել այդ պայմանները՝ հետաձգելով այդ հարցերը, որովհետև վախեցել է: Դու էլ ես վախենում՝ չես կարող հակադրվել քո ամերիկյան գործընկերներին»:

Մեր հարցին, թե ո՞րն է լուծումը կոնկրետ արտաքին քաղաքականության, տարածաշրջանային խնդիրների պարագայում, Ս. Շաքարյանցը պատասխանեց.

«Լուծումը՝ պահել քեզ՝ որպես օրինակ վերցնելով նույն քո կողմից հալածված Ռոբերտ Քոչարյանին.  բոլորի վրա թքել է, գնացել Իրանի հետ կնքել է գործարք, ու մենք ունենում ենք Հայաստան-Իրան գազամուղ. եթե ուզում է օրինակ վերցնել, թող օրինակ վերցնի հենց Ռոբերտ Քոչարյանից: Քո ամենամոտ քիչ թե շատ վստահելի հարևանի հետ զարգացնել հարաբերությունները բոլոր ասպարեզներում՝ բանկային, ռազմատեխնիկական, բիզնես, քաղաքական»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս