Բաժիններ՝

Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը Սուդանում փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային

Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի մանկաբարձ գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային: Նրան փոխարինելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ նա որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ՜ սեպտեմբերին պետք է ժամանակավորապես լքի Սուդանի Նուբա լեռները, որպեսզի կատարի նախաձեռնության նախագահի իր պարտականությունները:

Այդ ընթացքում հայ բժիշկը Թոմ Քաթինայի փոխարեն կաշխատի «Գթության մայր» հիվանդանոցում: 35 ամյա բժիշկն անկեղծանում է՝ օրերս ստացած հեռախոսազանգն անակնկալ էր: «Առաջարկը շատ անսպասելի էր, հերթապահության էի, հեռախոսազանգ ստացա, թե առաջարկում ենք փոխարինել Թոմ Քաթինային Սուդանում: Անակնկալից ասացի 1-2 օր ժամանակ տվեք, չնայած հենց այդ պահին էլ 90 %-ով համաձայն էի, քանի որ մարդասիրական առաքելությունն իմ տարերքն է. ինչքանով կարող ես, մարդկանց պետք է օգնես, իսկ Թոմ Քաթինային թեև Գյումրի կատարած այցի ժամանակ չէի տեսել, բայց նրա մասին լսել եմ ու գիտեմ: Այս առաջարկը, հատկապես ուրախություն ու հպարտություն պարգևեց քրոջս»,-նշեց Արմեն Մկրտչյանը:

Բժիշկը թեև ծնունդով Հրազդանից է, սակայն արդեն 2 տարուց ավելի «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ում է աշխատում: Մարդասիրության մասին խոսելով՝ երիտասարդ բժիշկը նշում է. «Աշխարհը դրա կարիքը շատ ունի: Երբ տեսնում ես պատերազմներն ու դրանց կողքին նմանատիպ մարդասիրական ծրագրեր՝ մի կողմից սպանում, մյուսում ՝օգնում՝ ուղեղումս չի տեղավորվում: Ծառայության ընթացքում ես միակն էի, որ կցված զենք չունեի, ու երբ ասում էին, թե գոնե ինձ պաշտպանելու համար, ես պատասխանում էի՝ ես կյանք տվող եմ, մարդ չեմ կարող սպանել»:

Արմեն Մկրտչյանն օգոստոսի 2-րդ կեսից մինչև հոկտեմբերի 2-րդ կեսը մարդասիրական առաքելություն կիրականացնի Սուդանում:

2017թվականին «Ավրորա» մրցանակաբաշխությունն աշխարհին հայտնի դարձրեց Սուդանի՝ պատերազմներից կեղեքված Նուբա լեռներում գործող «Գթության մայր» հիվանդանոցի գոյության և նրա հիմնադիր բժիշկ Թոմ Քաթինայի մասին:

Այսօր Թոմ Քաթինան՝ հանդիսանալով նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, շարունակում է իր գործունեությունը հասարակական-քաղաքական ոլորտում՝ համախմբելով հումանիտար կազմակերպությունների և ընդհանուր պրակտիկայով զբաղվող բժիշկների աշխատանքները «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձով:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս