«Եթե երկրի թիվ մեկ պատասխանատուն դատավորներին անվանում է վնգստացող, և ԲԴԽ-ն լռում է, դա նշանակում է՝ նման կառույցի գոյությունը վիճելի է». Գևորգ Պետրոսյան

Այսօր Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ, մասնագիտությամբ իրավաբան Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)  կրավորական կեցվածքին՝ առհասարակ, և հատկապես՝ դատավորների պաշտպանության հարցում անգործություն դրսևորելուն, մասնավորապես գրել է. «ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատավորների և դատարանների անկախությունը:

Սա հեքիա՞թ է, թե՞ իրականություն…
Հաստատ՝ ոչ առաջինը…

Եթե մի ամբողջ համակարգի ներկայացուցիչներին հրապարակավ անվանում են վնգստացող (ներողություն բառը կրկնելու համար), ուրիշ ո՞ր մարմինը պետք է արձագանքեր այդ գնահատականին, եթե ոչ՝ ԲԴԽ-ն:

Ի՞նչ անկախ դատական համակարգի մասին խոսք կարող է լինել, երբ դատավորին նույնացնում են շների հետ (ինձ թող ներեն մեր արժանապատիվ դատավորները)…
Ես կարծում եմ, որ դատավորների և դատարանների անկախության երաշխավորումը ներառում է ամենից առաջ դատավորների արժանապատվությունը նսեմացնող հայտարարություններն ու գործողությունները դատապարտելը։
Հայաստանում դատավորները երբեք այսչափ նսեմացված ու ընկճված չեն եղել..՝
Այս ի՞նչ սպիտակ սպանդ է: Նսեմացված դատավորը չի կարող անաչառ լինել… Դժվար է՞ այդքանը հասկանալը…»:

168.am-ը Գևորգ Պետրոսյանին խնդրեց մեկնաբանել իր գրառումը, հատկապես՝ ի՞նչ ակնկալիքներ ուներ ԲԴԽ-ից, ու ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծում է առաջարկում:

«ԲԴԽ-ն շատ շուտ հավակնում է դառնալ մեռելածին կառույց: Եկեք վերանանք անձանցից: Եթե երկրի թիվ մեկ պատասխանատուն դատավորներին անվանում է վնգստացող, և ԲԴԽ-ն լռում է, դա նշանակում է, որ ԲԴԽ-ն արդեն իսկ իր վրայից հանել է դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորողի իր պատմուճանը, այսինքն` չի կարողանում իրականացնել իր սահմանադրական առաքելությունը: Հետևաբար՝ արդեն վիճելի է նման մարմին ընդհանրապես ունենալու անհրաժեշտությունը, և եթե սահմանադրական փոփոխություններ լինեն, ես, օրինակ, եթե ԲԴԽ-ն շարունակի այսպիսի պարտիզանական կեցվածքով հետևել, թե ինչպես են տարբեր անկյուններից վիրավորում իրենց պաշտպանության ներքո գտնվող դատավորներին և ընդհանրապես դատական համակարգը, ապա շատ վիճելի է նման մարմին ունենալու անհրաժեշտությունը, և կարելի է սահմանադրական փոփոխությունների համատեքստում վերանայել նաև ԲԴԽ-ի գոյության իրավունքը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Վերջինիս  խորին համոզմամբ` դատավորների անկախությունը սկսվում է նրանց հասցեին վիրավորական արտահայտություններին արձագանքելուց:

«Այսինքն` եթե իմ և Ձեր վարքագիծը, մեր ճակատագիրը որոշում են վնգստացողները, մենք իրավունք ունենք չվստահել նրանց որոշումներին: Պետք է մտածել սրա մասին», ասաց պատգամավորը:

Մեր այն հարցին, թե սահմանադրությամբ դատավորների պաշտպանությունը ԲԴԽ գործառույթների տիրույթում է գտնվում, և ուրեմն չի՞ կարծում պատգամավորը, որ այստեղ անձերի, այլ ոչ թե՝ կառույցի խնդիր կա, այսինքն` եթե նրանց այդ գործիքակազմը ընձեռված է, բայց իրենք չեն կիրառում, խնդիրը կառույցի՞, թե՞ ԲԴԽ նախագահի ու անդամների մեջ է, Գևորգ Պետրոսյանն ասաց.

«Եթե մենք շարունակ պնդենք, որ սա անձերի խնդիր է… Փաստորեն երկրորդ սերունդն է փոխվում արդեն ԲԴԽ-ում: Առաջին սերունդը մեծամասամբ հրաժարական տվեց, բացառությամբ երկու գիտնական անդամների, փոխեցին նաև դատավորների կազմը: Այսինքն` քանի սերունդ է փոխել, որ հասկանանք, որ ԲԴԽ-ն մեռալածին մարմին է: Եթե այս կազմն էլ փոխենք, գա երրորդ կազմը, ես խորապես համոզված եմ, որ դրությունը չի փոխվելու: Հետևաբար՝ պետք է վերանայել նման մարմին ունենալու անհրաժեշտությունն առհասարակ: Պետական բյուջեից ահռելի գումար է գնում այդ մարմնի, նրա աշխատակազմի, գործառույթների կազմակերպման վրա»:  ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ այդ մարմինն այսօրվա դրությամբ օգտակար գործողության որևէ գործակից չի ցուցաբերել:

Մեր դիտարկմանը, թե իր լուռ համաձայնությամբ, փաստորեն, Բարձրագույն դատական խորհուրդը ցանկացած, այդ թվում և՝ այս իշխանությունների կցորդ մարմին է, Գևորգ Պետրոսյանն ասաց` իհարկե, երկրորդ կարծիք չկա:

«Տա Աստված, որ ես սխալվեմ, բայց իմ սխալվելու հավանականությունը շատ քիչ է: որովհետև սխալվելն էլ պետք է ողջամտորեն լինի: Ես ինչո՞ւմ եմ սխալվում: Նախկին կազմը նույնն էր, հիմա այս կազմն ընդհանրապես չի արձագանքում որևէ գնահատականի: Կարելի՞ էր գոնե դժգոհություն հայտնել: Ես չեմ ասում՝ բռնեն վարչապետին կախեն: Չի կարելի ամբողջ դատական համակարգի մասին նման արտահայտություն անել` դատավորները վնգստում են պատերի տակ: Բա նույն իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը ինչի՞ չի արձագանքում այդ արտահայտությանը: Այսինքն` նրանք ուղղորդված ինձ են թիրախավորում: Հիմա այդ կառույցները հատուկ գծված ծրագիր ունեն` վարկաբեկել, փչացնել Գևորգ Պետրոսյանին, բայց իրենք ինձ լավ չեն ճանաչում: Իրենք բոլորը կսպառվեն, ես չեմ սպառվի»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս