«Տիկին Կարապետյանը դժվար թե ինձ նկատի ունենա». Սոֆյա Հովսեփյանը՝ Ստամբուլյան կոնվենցիային դեմ լինելու մասին

Ըստ «Հրապարակ» թերթի՝ ԱՍՆ-ից վերադարձած Լիլիթ Մակունցն օրերս զանգահարել է ֆրակցիայի պատգամավորներին, հանձնարարել արձակուրդի ընթացքում անպայման կարդալ-ծանոթանալ-ուսումնասիրել Ստամբուլյան կոնվենցիան, քանի որ այն  պետք է սեպտեմբերին անցկացվի։

Պոտենցիալ դեմ քվեարկողների մեջ թերթն առանձնացրել էր Սոֆյա Հովսեփյանի, Թագուհի Թովմասյանի, Սասուն Միքայելյանի, Հովիկ Աղազարյանի, Սերգեյ Ատոմյանի անունները, իսկ ակտիվ կողմնակիցներից՝ Մարիա Կարապետյանի, Գայանե Աբրահամյանի, Սոս Ավետիսյանի անունները։

168.am-ի հետ զրույցում Մարիա Կարապետյանը հերքել էր, թե սույն հարցով զանգ է ստացել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից:

Լուրի իսկությունը հերքեց  նաև «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սոֆյա Հովսեփյանը, ով բազմիցս դեմ է արտահայտվել կոնվենցիային ու անգամ միացել դրա դեմ իրականացվող ստորագրահավաքին:

Լուրեր են շրջանառվում, որ Լիլիթ Մակունցը բոլորին զգուշացրել է ծանոթանալ կոնվենցիային, որպեսզի սեպտեմբերին անպայման վավերացվի: Կա՞ նման բան:

– Ես՝ լինելով այդ խմբակցության անդամ, տիկին Մակունցից որևէ զանգ կամ տեղեկատվություն չեմ ստացել, որ պետք է ուսումնասիրեմ Ստամբուլյան կոնվենցիան,  իրականում այն  ուսումնասիրել եմ դեռ վաղուց, և կարիքն էլ անգամ չկար, որ պետք է դա առաջարկվեր, որ լիներ: Իմ շրջապատում եղած  բոլոր պատգամավորներին, ում տեսել եմ, նրանք նույնպես նման հորդոր-առաջարկ չեն ստացել :

Օրերս լրատվամիջոցներից մեկը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը պոտենցիալ դեմ քվեարկողների մեջ, ի թիվս այլ անունների՝ նշել էր Ձեր անունը: Եթե ֆրակցիայում միասնական կարծիք լինի կողմ քվեարկելու, Դուք, միևնույն է, հավատարի՞մ կմնաք Ձեր սկզբունքին:

– Ֆրակցիան այս հարցը չի քննարկել: Իսկ իմ դեմ արտահայտվելը, այն էլ՝ Ստամբուլյան կոնվենցիայի այս տեսքին,  որտեղ լղոզված է ամեն ինչ, և միևնույն ժամանակ՝ կան ռիսկային հարցեր, չեն կարող որևէ կերպ փոխել իմ դիրքորոշումը կոնվենցիայի հանդեպ:

Ձեր գործընկեր Մարիա Կարապետյանը մեզ հետ զրույցում  ասաց, որ ովքեր ցանկություն ունեն կարծիք կազմելու կոնվենցիայի մասին, անպայման ընթերցեն տեքստը և չտրվեն մանիպուլյացիաների: Արդյո՞ք Դուք մանիպուլյացիաների եք տրվել:

– Ես կարծում եմ, որ տիկին Կարապետյանը դժվար թե ինձ նկատի ունենա, քանի  որ տեքստը կարդացել եմ շատ վաղուց և որևէ մանիպուլյացիայի չեմ տրվում, ավելին ասեմ՝ որևէ մեկի կարծիքը չի կարող ինձ համար դառնալ առաջնահերթություն: Կարծիքը կազմել եմ ու հայտնել եմ սեփական դիրքորոշման և սեփական մտածողության հիման վրա: Մանիպուլյացիա չկա իրականում, և այն, որ կան ռիսկային լուրջ կետեր, դրա մասին  խոսել եմ և որևէ կերպ չեմ վերագրի ինձ այս արտահայտությունը:

Ի դեպ, Սոֆյա Հովսեփյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում թեմային անդրադառնալով՝ հետևյալ գրառումն էր արել. «Ինձ հետաքրքիր է առավոտ կանուխ իմանալ, եթե իրավաբանները «ստամբուլյան կոնվենցիայի» վերլուծող համապատասխան մասնագետները չեն, բա ովքե՞ր են:

Կարո՞ղ է ես սխալ գծի վրա եմ: Հ/կ-ներում հազար մասնագիտության տեր մարդիկ կան, դուրս է գալիս, իրենք ավելի քաջատեղյակ են մարդու իրավունքներից, քան իրավաբանները՝ սահմանադրագետները:
Առավոտ լուսո, արեգակն արդար»:

Ինչին մեկնաբանությամբ հակադարձել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ «օրինակ՝ դու :)))»: Հիշեցնենք, որ Զ. Բաթոյանը համարվում է այս կոնվենցիայի վավերացման ջատագովներից:

 

 

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս