«Կարծում եմ, որ կոնվենցիայի շահագրգիռ կողմը Հայաստանի Հանրապետության հանրությունն է». Մարիա Կարապետյան
Ըստ «Հրապարակ» թերթի՝ ԱՍՆ-ից վերադարձած Լիլիթ Մակունցն օրերս զանգահարել է ֆրակցիայի պատգամավորներին, հանձնարարել արձակուրդի ընթացքում անպայման կարդալ-ծանոթանալ-ուսումնասիրել Ստամբուլյան կոնվենցիան։
«Այն անպայման պետք է սեպտեմբերին անցկացվի։ Եթե ձեր տեսակետը բացասական է, լռեք, պետք չէ խոսել, եթե դրական է, բարձրաձայնեք այս ընթացքում՝ հորդորել է նա»,- գրել էր թերթը։
Ըստ թերթի՝ պոտենցիալ դեմ քվեարկողների մեջ են Սոֆյա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Սասուն Միքայելյանը, Հովիկ Աղազարյանը, Սերգեյ Ատոմյանը։ Ակտիվ կողմնակիցներն են ֆրակցիայի սորոսական և դրան հարող թևը, որոնք արդեն իսկ հրապարակային քարոզչություն են անում՝ Մարիա Կարապետյան, Գայանե Աբրահամյան, Սոս Ավետիսյան։
Լուրը հաստատելու համար 168.am-ը զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ:
– Լիլիթ Մակունցը զանգահարե՞լ է ձեզ: Լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը.
– Դա չի համապատասխանում իրականությանը:
– Նշվում էր, որ կոնվենցիան վավերացնելու շահագրգիռ կողմերից մեկն էլ Դուք եք:
– Ինչո՞վ եմ շահագրգիռ:
Ես կարծում եմ, որ կոնվենցիայի շահագրգիռ կողմն իմ անձնական դիրքորոշումն է, Հայաստանի Հանրապետության հանրությունն է, որը պետք է ունենա բռնությունից զերծ հարաբերություններ:
– Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը չի՞ վկայում, որ նույն հանրությունը դեմ է դրան:
– Կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը վկայում է ստորագրահավաքը սկսող դերակատարների ծագումնաբանության մասին:
– Արդեն հազարավոր մարդիկ են ստորագրել. բոլորը նույն ծագումնաբանությո՞ւնն ունեն, նաև Ձեր խմբակցությունից պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է միացել այդ ստորագրահավաքին:
– Մենք դեռևս խմբակցության մեջ միասնական դիրքորոշում չունենք, որովհետև կոնվենցիան նեքաղաքական օրակարգում դեռևս չկա՝ ԱԺ չի եկել, հետևաբար՝ յուրաքանչյուրս ազատ ենք մեր դիրքորոշումը հայտնելու, և ես իմ դիրքորոշումն եմ հայտնում և խորհուրդ կտամ մեր քաղաքացիներին, ովքեր ցանկություն ունեն կարծիք կազմելու կոնվենցիայի մասին, անպայման ընթերցեն տեքստը և չտրվեն մանիպուլյացիաների, որոնք իրենց ներքաշում են գործընթացների մեջ, որոնց հեղինակների մղումների շուրջ ես լուրջ կասկածներ ունեմ:
– Մանիպուլյացիայի զոհ է դարձել նաև Ձեր խմբակցության անդա՞մը՝ ըստ Ձեզ:
– Պայմանավորվեցինք, եթե հարցազրույց ենք անում, Դուք ինձ հարցերը գրավոր ուղղեք:
Զարուհի Դիլանյան