Բաժիններ՝

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն խոսել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ

Հուլիսի 25-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպում են ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Քացարավան, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Ռուսլան Պողոսյանը և Սամվել Մանուկյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ առավել ամրապնդելու հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերությունները: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Արչիլ Թալակվաձեն գոհունակությամբ ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության ակտիվ դերակատարությունը՝ որպես Հայաստանի և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև հաստատված արդյունավետ հարթակի։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Վրաստանի խորհրդարանի ղեկավարը կարևորել են նաև երկու երկրների խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջև պարբերական հանդիպումների անցկացումը: Զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծել են վիրահայ համայնքի կարևոր դերակատարությունը ինչպես Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ՝ երկու հարևան և բարեկամ ժողովուրդների ու պետությունների առավել մերձեցման գործում:

Զոհրաբ Մնացականյանը և Արչիլ Թալակվաձեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ շեշտելով խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորման առաջնահերթությունը: Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը գրառում է կատարել Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի մատյանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս