Բաժիններ՝

Պետք է վերանայենք կրթական ծրագրերն ու դասագրքերը. քննարկում` ԿԳՄՍ նախարարությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի այս տարվա մասնակիցներին: Ողջունելով ուսուցիչներին` նախարարի տեղակալը նշել է, որ սփյուռքում կուտակված մասնագիտական ներուժի բացահայտումը կարևոր է ինչպես սփյուռքի, այնպես էլ Հայաստանի դպրոցների զարգացման և մրցունակության բարձրացման առումով:

Նրա խոսքով` սփյուռքում աշխատող ուսուցիչները կապող օղակ են` ճանաչելու սփյուռքի մասնագիտական ներուժը, նաև նրանց մասնակից դարձնելու այն կրթական բարեփոխումներին, որոնք այժմ նախաձեռնել է նախարարությունը: Արևիկ Անափիոսյանը հավելել է, որ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակային վերանայումը ևս նախարարության օրակարգում է:

Հանդիպման ընթացքում ուսուցիչները ներկայացրել են մի շարք առաջարկություններ և խնդիրներ: Մասնավորապես հարց է բարձրացվել սփյուռքի մեկօրյա դպրոցների համար կազմել ավելի թեթև, բեռնաթափված կրթական ծրագիր, որը հնարավոր կլինի շաբաթական մեկ օր դասավանադելով` ամբողջությամբ կատարել: Նախարարի տեղակալը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն այժմ գտնվում են ԿԳՄՍ նախարարության գործառույթների շրջանակում և այդ ուղղությամբ քննարկումներ արդեն եղել են.

«Պետք է վերանայենք կրթական ծրագրերն ու դասագրքերը` դրանց ներգրավելով նաև սփյուռքի մեկօրյա դպրոցների մասնագիտական ներուժն ու փորձը»,- նշել է Արևիկ Անափիոսյանը:

Նշենք, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման 2019 թվականի ծրագիրը մեկնարկել է հուլիսի 1-ին: Այս տարի ծրագրին մասնակցում է մոտ 6 տասնյակ ուսուցիչ՝ 16 երկրից: Մասնակից երկրներից են ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրալիա, Գերմանիա, Դանիա, Իսրայել, Իրան, Իրաք, Լիտվա, Լեհաստան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա: Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրասման ծրագրի փակումը տեղի կունենա հուլիսի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս