«ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է և չի կարող կողմ լինել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր միացավ ԱԺ-ի դիմաց Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնության կողմից անժամկետ ընթացող ստորագրահավաքին՝  ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:

168.amի հարցին՝ արդյո՞ք Հանրապետական կուսակցությունը հայտնել է այս հարցի շուրջ իր միասնական դիրքորոշումը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց.

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ազգային պահպանողական կուսակցություն է և չի կարող կողմ լինել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, և եթե մենք կողմ լինեինք, մեր իշխանության օրոք վավերացման խնդիրը կբերեինք ԱԺ, բնականաբար դեմ ենք, սա դեմ է մեր ազգային արժեքներին, այստեղ կան դրույթներ, որոնք մտահոգիչ են»:

Նա տեղեկացրեց նաև, որ առաջիններից է եղել, որ կոչ է արել քաղաքացիներին օրինականության սահմաններում պայքարել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չկարողանա վավերացման հարց դնել.

Կարդացեք նաև

«Ինչո՞ւ սա առաջացավ, քանի որ Ն. Փաշինյանի կառավարության որոշ ներկայացուցիչներ սկսեցին գովաբանել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը. ասացին, որ սա շատ կարևոր քայլ է, դեմ է բռնությանը:

Մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք և, բնականաբար, բոլորս դեմ ենք բռնություններին, և ՀՀ քրեական օրենսգիրքը լրիվ հնարավորություն է տալիս բռնության ցանկացած դեպք դատապարտել և քրեականացնել: Ինչ վերաբերում է սրան՝ սրա խնդիրը ոչ հայկական ավանդական արժեքներրի ներմուծումն է ՀՀ, և վտանգավոր է.  ի՞նչ է նշանակում՝ սոցիալական սեռ որոշել… Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, նախևառաջ՝ պառլամենտում գործող մեր ընկերներին՝ բոլոր 131 պատգամավորներին ՝ անուն առ անուն մինչև օգոստոսի մեկը հայտարարել՝ իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ են. խնդիրը պառլամենտում պետք է լուծվի:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նաև պետք է իր պաշտոնական դիրքորոշումը հայտնի՝ կո՞ղմ, թե՞ դեմ է, և ինքը պատրաստվո՞ւմ է ԱԺ բերել այս հարցը, թե՞ ոչ, բայց քանի որ Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչն իզմեր չունի, և իրենից պետք է ամեն ինչ սպասել, բնականաբար, մենք պետք է հասարակությամբ կանխարգելենք, որ հարցն ԱԺ չմտնի»:

Հարցին՝ արդյո՞ք Սահմանադրական դատարանի վրա եղած վերջին ճնշումները նաև առնչվում են այս կոնվենցիային, Էդ. Շարմազանովը պատասխանեց. «Մենք չունենք վարչապետ, մենք ունենք դիկտատորության գնացող քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյան, որն ուզում է ողջ իշխանությունը՝ իշխանության երեք ճյուղերը կենտրոնացնել իր ձեռքում»:

Ըստ նրա՝ այդ ճանապարհին վարչապետին խանգարում է միայն Սահմանադրական դատարանը, և բոլորը պիտի գիտակցեն, որ ՍԴ-ն ժողովրդավարության վերջին բաստիոնն է, և խնդիրը Հրայր Թովմասյան անձի մեջ չէ, այլ պետական ինստիտուտի մեջ է.

«Ստամբուլյան Կոնվենցիայի վավերացման գործընթացը լակմուսյան թուղթ է լինելու 131 պատգամավորից յուրաքանչյուրի համար»:

Սույն հարցով դրսից ճնշումների մասին լրագրողի դիտարկմանը  քաղաքական գործիչն արձագանքեց. «Ակնհայտ է՝ դրսից են, մենք էլ պիտի էնքան ուժեղ, խելամիտ լինենք, սառնասիրտ լինենք, որ իմանան՝ սա դեմ է մեր ազգային արժեքներին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս