Տիգրան Սարգսյանը` Եվրասիական միության «զոհասեղանին»
Սեպտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկության վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական արձագանք չի հնչել: Խնդիրը դա հերքելը կամ հաստատելը չէ, ի վերջո, Հայաստանում ավանդույթ է դարձել, որ պաշտոնապես հերքվող որևէ տեղեկություն կարճ ժամանակ անց իրականություն է դառնում: Խնդիրն այն է, որ այս հարցի վերաբերյալ լռությունը ևս մեկ անգամ վկայում է հայաստանյան քաղաքական կյանքում տիրող անորոշության և սպասողական իրավիճակի վերաբերյալ:
Ինչպես նշել ենք վերջին օրերի մեր հրապարակումներում, Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկությունը կապված է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ ծավալվող գործընթացներով: Տ. Սարգսյանը Հայաստանի դեռևս միակ պաշտոնյան է, ով հրապարակավ` ռուսական մամուլում, դեմ է արտահայտվել այդ կառույցին, մասնավորապես՝ դրա հիմքը հանդիսացող Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Ի թիվս այլ գործոնների, որպես Հայաստանի անդամակցության աննպատակահարմարության հիմնավորում, Տ. Սարգսյանը նշել էր այն հանգամանքը, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Մաքսային միության անդամ երկրներից որևէ մեկի հետ: Ու հենց այդ փաստարկին ի պատասխան՝ անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց. «Մենք պայմանավորվել ենք ստեղծել խառը հանձնաժողով, որը պետք է դիտարկի` ինչպե՞ս կարելի է Մաքսային միության շրջանակում օգտագործել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի միջև վերջին պայմանավորվածությունները, միասնական տնտեսական տարածքը Հայաստանի համար` նկատի ունենալով, որ մենք ընդհանուր սահմաններ չունենք»: Եվ պատահական չէ, որ հենց Սերժ Սարգսյանի մոսկովյան հանդիպումից հետո հայաստանյան քաղաքական շրջանակներում սկսեցին խոսել սեպտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության ու նրա փոխարեն «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին նշանակելու հնարավորության մասին:
Այսինքն`Սերժ Սարգսյանը կա՛մ պարտադրված, կա՛մ սեփական կամքով պատրաստվում է պաշտոնանկ անել Հայաստանի միակ պաշտոնյային, ում արտահայտած մտքերը հակասում են անձամբ Վլադիմիր Պուտինի գաղափարին:
Այսպիսով, Տիգրան Սարգսյանն, ըստ էության, կանգնած է «ռուսական շահին զոհաբերվելու» իրական վտանգի առջև: Իր պաշտոնավարման ավելի քան չորս տարիների ընթացքում, բացի դեկլարատիվ հայտարարություններից, քաղաքական որևէ շոշափելի գործառույթ և վարքագիծ չցուցաբերած Տիգրան Սարգսյանը երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցում, կամա թե ակամա, դարձել է ռուսների հետ «դիմակայության» մեջ Հայաստանի Հանրապետության շահը պաշտպանող պաշտոնյան:
Իրականում Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության անհրաժեշտությունը Հայաստանում առկա է ամեն օր: Տնտեսական այն խայտառակ վիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը, և նաև՝ ինչի պատճառով արտագաղթն ահռելի ծավալների է հասել, հենց Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության գործունեության արդյունքն են: Եթե ընդհանրապես նրա կողմից իրականացվող «վիրտուալ քաղաքականությունն» ու «Հայկական աշխարհի» կերտումը կարելի է գործունեություն անվանել: Այսինքն` իրականում կան Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու տասնյակ, հարյուրավոր պատճառներ, որոնց վրա իշխանությունը, Սերժ Սարգսյանը չորս և ավելի տարի աչք են փակում: Իրավիճակի նրբությունն այն է, սակայն, որ եթե որևէ այլ դեպքում Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը կարելի էր ողջունել, ապա Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը դեմ արտահայտվելու և նրան պաշտոնից ազատելով՝ ռուսներին հաճոյանալու պարագայում, կարծում ենք, պետք է հանդես գալ նրա պաշտպանությամբ, քանի որ, իրենից անկախ, նրա պաշտոնավարումը դառնում է Հայաստանի ինքնիշխանության հերթական կատալիզատորը: Առավել ևս, որ նրան հնարավոր փոխարինողը` Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, դե ֆակտո ներկայացնում է ռուսական քաղաքական և տնտեսական վերնախավի շահերը, և վարչապետի պաշտոնում «արևմտյան դրայվով» Հայաստանը տանելու է դեպի Եվրասիական միություն: